Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանն առայժմ դադարեցված է, ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին։
Հերչինսկին հույս է հայտնել, որ առաջիկա 5 տարում ԵՄ ընդլայնման նոր ալիք տեղի կունենա, թեև վստահ չէ, որ Վրաստանը մաս կկազմի դրան։
Նա նաև հույս է հայտնել, որ 2024 թվականի հոկտեմբերի 26-ին խորհրդարանական ընտրություններին վրաստանցիները ճիշտ ընտրություն կանեն, հետո՝ նորաստեղծ կառավարությունը կվերսկսի լուրջ աշխատանքը Եվրամիությանն ինտեգրվելու ուղղությամբ։ Հակառակ դեպքում, ըստ Հերչինսկու՝ ԵՄ-ի հարաբերությունները Վրաստանի հետ նման կլինեն դաշինքի հարաբերություններին միանալու նպատակ չունեցող երկրների՝ Թունիսի, Ադրբեջանի և Ղազախստանի հետ.
«Վրացի ժողովուրդը պետք է ընտրի իր ապագա կառավարությունը, իսկ Վրաստանի ապագա կառավարությունը պետք է որոշի Եվրամիության նկատմամբ արտաքին քաղաքական կուրսը և քաղաքականությունը։ Մենք այստեղ ենք, Վրաստանը թեկնածու երկիր է, և եթե ապագա կառավարությունը շահագրգռված լինի անդամակցել Եվրամիությանը, մենք պատրաստ ենք օգնել»:
ԵՄ դիվանագետը նշել է՝ հունիսի 27-ին ԵՄ առաջնորդները հանդիպել են Բրյուսելում և մի քանի շատ կարևոր որոշումներ կայացրել. «Ցավոք, նրանք նույնպես համաձայնել են կասեցնել Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը՝ համաձայն Եվրոպական խորհրդի եզրակացությունների»:
Հիշեցնենք. Եվրոպական խորհրդի հունիսի 27-ի նիստի եզրակացություններում նշվում է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» ընդունված օրենքը նահանջ է թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի հանձնարարականում նշված քայլերի առնչությամբ։
Հիշեցնենք. Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է, որ Եվրամիությունը սառեցրել է Վրաստանի համար նախատեսված 30 միլիոն եվրոյի օգնությունը, որը պետք է փոխանցեր Խաղաղության եվրոպական հիմնադրամը (EPF):
Ուշագրավ է նաև, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները անորոշ ժամանակով հետաձգել է Վրաստանի հետ նախատեսված «Արժանի գործընկեր» (Noble Partner) զորավարժությունները։ Ըստ Վաշինգտոնի` պատճառը Վրաստանի հետ հարաբերությունների քաղաքականության վերանայումն է։