Վրաստանյան ընդդիմադիր «Ախալի», «Դրոա» և «Գիրչի — առավել ազատություն» կուսակցություններն ընտրություններին դաշինքով կմասնակցեն: Այդ մասին կուսակցության գրասենյակում կայացած ճեպազրույցում հայտարարել է «Ախալի» կուսակցության առաջնորդներից Նիկա Գվարամիան։
Նրա խոսքով, նշված կուսակցությունների միջև բանակցությունները «երկար ու դժվարին» են եղել, և այժմ իրենք սկսելու են միասնական նախընտրական քարոզարշավ։ Նրա խոսքով, այժմ միասնությունն ամենակարևորն ու գլխավորն է:
««Ախալին», «Դրոան» և «Գիրչի- առավել ազատությունը» գիտակցում են իրենց պատասխանատվությունը մեր երկրի պատմության, հայրենիքի և այն ամենակարևոր պահի համար, որի առջև այսօր կանգնած է Վրաստանը, և որը որոշում է նրա ապագան, և մենք որոշել ենք ընտրություններին մասնակցել միասին»,- ասել է Գվարամիան։
Ինչ վերաբերում է միասնական ընտրական թվին ու անվանմանը, Գվարամիան ասել է, որ իրենք պայմանավորվել են 4-րդ համարի շուրջ, իսկ անվան շուրջ դեռևս քննարկում են։
Նշենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 26-ին: