Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի պաշտպանության ուժերին հատկացվելիք 30 միլիոն եվրոյի սառեցման մասին ԵՄ դեսպան Պավել Հերչինսկու հայտարարությունը համարում է «Վրացական երազանքի» կառավարության հակաեվրոպական հռետորաբանության և գործողությունների պատասխան։
Նախագահը ԵՄ-ի՝ նման քայլի գնալու պատճառներից մեկը համարում է «գործակալների օրենքի» ընդունումը։
«ԱՄՆ-ի կողմից զորավարժությունների չեղարկմանը հաջորդեց Եվրամիության որոշումը՝ սառեցնել պաշտպանության ուժերի համար նախատեսված 30 միլիոն եվրոն։ Սա պատասխան է այս իշխանության հակաեվրոպական ու հակաարևմտյան հռետորաբանությանն ու գործողություններին։
Պատասխանն է այն իրողության, որ իրենց բոլոր խորհուրդներն ու նախազգուշացումները մնացին անպատասխան՝ նույնիսկ խորհրդանշական կերպով հետ չկանչվեց կամ չսառեցվեց ռուսական այն օրենքը, որը ոչնչի և ոչ ոքի պետք չէ։ Եվ ընդհակառակը, իշխանության խոսափողներից շարունակում են միայն պնդել, թե «միևնույն է»` մենք անդամակցելու ենք Եվրամիությանը, կամ կրկնում են, որ այդ զորավարժություններն անցկացվել են «ի շահ երկու երկրների»»,- նշել է նախագահը:
Հիշեցնենք. Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է, որ Եվրամիությունը սառեցրել է Վրաստանի համար նախատեսված 30 միլիոն եվրոյի օգնությունը, որը պետք է փոխանցեր Խաղաղության եվրոպական հիմնադրամը (EPF):
Ուշագրավ է նաև, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները անորոշ ժամանակով հետաձգել է Վրաստանի հետ նախատեսված «Արժանի գործընկեր» (Noble Partner) զորավարժությունները։ Ըստ Վաշինգտոնի` պատճառը Վրաստանի հետ հարաբերությունների քաղաքականության վերանայումն է։