Թբիլիսիի հետ ԱՄՆ-ի բոլոր ծրագրերը վերանայման փուլում են

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ օգնական և Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական ուղղության ղեկավար Մայք Քարփենթերն ասել է, որ Վրաստանի հետ ԱՄՆ-ի համագործակցության մեծ մասը ներկայումս վերանայման փուլում է։

«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Քարփենթերը խոսել է Պետքարտուղարությունում կայացած ճեպազրույցում՝ ի պատասխան լրագրողի տված հարցի։

«Վրաստանի հետ մեր համագործակցության մեծ մասը ներկայումս վերանայման փուլում է, ներառյալ «Արժանի գործընկեր» զորավարժությունները և Վրաստանի կառավարության հետ մեր ունեցած այլ ներգրավվածություններ», — ասել է Քարփենթերը:

Քարփենթերը պարզաբանել է, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կառավարության գործողություններն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի և ընդհանրապես Եվրամիության արևմտյան չափանիշներին։

«Անկեղծ ասած, երբ մենք տեսնում ենք քաղաքացիական հասարակության ճնշումը, երբ տեսնում ենք ընդունված օրենքները, որոնք սահմանափակում են Վրաստանում հիմնարար ազատությունների տարածքը, դա անհամատեղելի է այն արժեքների հետ, որոնց վրա հիմնված է ՆԱՏՕ-ի դաշինքը»,- հավելել է Քարփենթերը։

Հիշեցնենք. 2024 թվականին Վրաստանի կառավարող թիմը երկրորդ անգամ խորհրդարան է ներկայացրել «գործակալների օրենքը»՝ անվանման աննշան փոփոխությամբ և նույն բովանդակությամբ, և օրենքն ընդունվել է երեք ընթերցմամբ։

Վաշինգտոնն անորոշ ժամանակով հետաձգել է Թբիլիսիի հետ զորավարժությունները