Հոկտեմբերին կորոշվի ոչ միայն Վրաստանի ճակատագիրը՝ առաջիկա 20-25 տարիների համար, այլև մի ամբողջ սերնդի կյանքի համար, հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Սաակաշվիլին այս հայտարարությունն արել է Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթացող դատավարության ժամանակ, որին մասնակցել է հեռակա կարգով: Նա խոսել է առաջիկա ընտրությունների կարևորության մասին։
Ըստ նրա՝ գործող իշխանությունը կենտրոնացած է անցյալի վրա, իսկ իր հիմնադրած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը»՝ հակառակը։ Նա նաև նշել է, որ նախընտրական ցուցակը պետք է համալրվի նոր մարդկանցով։
«Ես ուզում եմ ձեզ ասել հետևյալը, ինչում ես վստահ եմ: Այն բարեփոխումները, որ մենք իրականացրինք 9 տարիների ընթացքում, Վրաստանը դուրս բերելով 90-ականների խավարից և ճահճից, այժմ ոչ ոք չի կարող ետ դարձնել: Այժմ ամենակարևորն այն է, որ առաջ շարժվենք, քանի որ այս ընտրությունները միայն անցյալի մասին չեն, այս ընտրությունները վերաբերում են հատկապես և բացառապես ապագային»,- ասել է Սաակաշվիլին։
Նշենք, որ 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ կկայանան: