ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները վերանայվում են

Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը հայտարարել է, որ հստակ ասվել է՝ Վրաստանի հետ հարաբերությունները վերանայվում են:

Դաննիգանն այսպես է պատասխանել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանիի այն հայտարարությունը, որում վերջինս անհասկանալի է անվանել ԱՄՆ-ի որոշումը՝ անորոշ ժամանակով հետաձգել Վրաստանի հետ նախատեսված «Արժանի գործընկեր» (Noble Partner) զորավարժությունները։

«Անշուշտ ցավալի է, բայց ոչ անհասկանալի: Մենք քննարկել ենք այդ հարցը, և պետքարտուղարը հստակ հայտարարել է, որ մեր երկկողմ հարաբերությունները վերանայվում են, հետևաբար՝ նշված զորավարժությունները չեղարկվել են այս համատեքստում․ որոշ պաշտոնյաների, այդ թվում՝ իշխող կուսակցության անդամների կողմից եղել են հրապարակային հայտարարություններ, ուստի հարաբերությունները վերանայվում են։ Սա շատ տխուր է։ Այնուամենայնիվ, մենք հույս ունենք, որ մեր հարաբերությունները կլինեն հավասարակշռված»,- ասել է ԱՄՆ դեսպանը։

Ավելի ուշ՝ Վրաստանի ՊՆ-ն տեղեկատվություն է տարածել և նշել, որ Խելվաչաուրիի և Թեթրիծկղարոյի մունիցիպալիտետներում կանցկացվի «Գործընկեր-2024» միջգերատեսչական զորավարժությունները: Այն կազմակերպվել է Վրաստանի պաշտպանության ուժերի ազգային գվարդիայի կողմից։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 8-12-ը նախատեսված զորավարժությունները «ուղղված են ճգնաժամային և արտակարգ իրավիճակների ժամանակ միջգերատեսչական համակարգման բարելավմանը»։

«Գործընկեր-2024»-ին մասնակցում են Պաշտպանության ուժերի ազգային գվարդիան, հատուկ գործողությունների, ավիացիայի և հակաօդային պաշտպանության հրամանատարությունները, Ռազմական ոստիկանությունը և կամավորական կազմակերպությունների ներքին գործերի նախարարությունը, բռնազավթված տարածքներից տեղահանվածները, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության ներկայացուցիչներ և այլք: