Ամերիկայի Միացյալ Նահանգները անորոշ ժամանակով հետաձգել է Վրաստանի հետ նախատեսված «Արժանի գործընկեր» (Noble Partner) զորավարժությունները։
Ըստ Վաշինգտոնի` պատճառը Վրաստանի հետ հարաբերությունների քաղաքականության վերանայումն է։
Նշենք, որ այս զորավարժությունները Վրաստանը հյուրընկալում է 2016 թվականից։
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ որոշումը պայմանավորված է Վրաստանի կողմից «ԱՄՆ-ի և արևմտյան այլ սուբյեկտների հասցեին Վրաստանի կառավարության կեղծ մեղադրանքներով»։
Կեղծ մեղադրանքների թվում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը մեջբերում է նարատիվն այն մասին, թե ԱՄՆ-ը և նրա արևմտյան դաշնակիցները «ճնշում են Վրաստանին՝ երկրորդ ճակատ բացելու Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի վրա ճնշումը թուլացնելու համար», և որ ԱՄՆ-ը «մասնակցել է Վրաստանի կառավարության դեմ երկու հեղաշրջման փորձերին»:
Վրաստանի պաշտպանության նախարարությունը «ափսոսանք» է անվանել ԱՄՆ-ի որոշումը և նշել, որ նմանատիպ զորավարժություններից «շահում է ինչպես Վրաստանը, այնպես էլ Ամերիկայի Միացյալ Նահանգները և զորավարժություններին մասնակցող գործընկեր երկրները»։
Պենտագոնի տվյալներով, Միացյալ Նահանգները սկսել է վերանայել Վրաստանի հետ երկկողմ համագործակցությունը 2024 թվականի մայիսի 30-ին։
Այս ամենին նախորդել էր «Վրացական երազանքի»` ԱՄՆ-ի կողմից Վրաստանում պետական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքը։ Բացի այդ, այս ամենին ԱՄՆ-ի այս քայլին նպաստեց նաև իշխող թիմի կողմից մայիսի 28-ին ընդունված «գործակալների օրենքը», որն ընդունվեց վրացական հասարակության բողոքի ցույցերի և Արևմուտքից հնչած քննադատությունների ֆոնին։
Հիշեցնենք նաև, որ 2023 թվականի մայիսին Վրաստանը չի մասնակցել Եվրոպայում ԱՄՆ-ի կողմից կազմակերպված «Պաշտպան 23» զորավարժություններին։