Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտարարություն է տարածել Վրաստանի և Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարներ Իլիա Դարչիաշվիլիի և Արարատ Միրզոյանի՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման մասին հուլիսի 3-ի հայտարարությունների վերաբերյալ:
Ըստ Աբխազիայի դե ֆակտո ԱԳՆ-ի՝ «Աբխազիայի Հանրապետությունը անկախ պետություն է, որի ինքնիշխան կարգավիճակը նախատեսված է Աբխազիայի Հանրապետության 1994 թվականի Սահմանադրությամբ և հաստատված է 1999 թվականի Հանրապետության պետական անկախության մասին ակտով, որն ընդունվել է համաժողովրդական հանրաքվեի արդյունքում»։
Հայտարարության մեջ կարդում ենք, որ դե ֆակտո Հանրապետության բնակչությունը հազարավոր զոհերի գնով «պաշտպանել է հայրենիքը վրացի ագրեսորներից»։
«Այս կապակցությամբ հայկական կողմին կոչ ենք անում չօգտագործել Վրաստանի առասպելական տարածքային ամբողջականության մասին կարծրատիպային արտահայտություններ, որոնք հակասում են օբյեկտիվ իրականությանը։
Մենք նաև ուշադրություն ենք հրավիրում հայկական կողմի դիրքորոշման լուրջ փոփոխության վրա, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կողմ քվեարկեց բացարձակապես կողմնակալ՝ «Աբխազիայից և Հարավային Օսիայից ներքին տեղահանվածների և փախստականների իրավիճակի վերաբերյալ» բանաձևին»,- ասված է հայտարարության մեջ։
Դե ֆակտո գերատեսչությունը նշել է, որ Հայաստանի ներկայացուցիչների կողմից այս բանաձևի աջակցությունը մտահոգիչ է՝ հաշվի առնելով, որ հայկական սփյուռքը «կարևոր տեղ է զբաղեցնում Աբխազիայի անկախության հաստատման և ամրապնդման գործընթացում։
Հիշեցնենք. հուլիսի 3-ին պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Միրզոյանը հայտարարել էր. «Հայաստանը և Վրաստանն ամենաբարձր մակարդակով արձանագրել են, որ փոխադարձաբար ճանաչում և հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը…»:
Ավելի վաղ՝ հունիսի 4-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 78-րդ նստաշրջանում Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ աջակցել էր «Աբխազիայից՝ Վրաստան և Ցխինվալիի շրջանից/Հարավային Օսիայից՝ Վրաստան, ներքին տեղահանվածների և փախստականների կարգավիճակի մասին» բանաձևին։