Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը տարածում է թիմի ավագ Գուրամ Կաշիայի հայտարարությունը, որտեղ նա շնորհակալություն է հայտնում իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին և «Քարթու» հիմնադրամին՝ ֆուտբոլին աջակցելու համար։
Հավաքականի կայքում տեղ գտած հայտարարության մեջ նշվում է, որ Իվանիշվիլին և «Քարթու» հիմնադրամը 30 միլիոն լարի են հատկացրել՝ որպես պարգև Եվրոպայի առաջնության խմբային փուլում հաջող հանդես գալու և 1/8 եզրափակիչ դուրս գալու համար, որը որպես պարգևավճար թիմի անդամներն արդեն ստացել են:
«Թիմի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Բիձինա Իվանիշվիլիին և «Քարթու» հիմնադրամին՝ մեր աշխատանքը գնահատելու և ֆուտբոլին աջակցելու համար, սա շատ կարևոր է մեր երկրի և մեր սիրելի սպորտի հետագա զարգացման համար։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, յուրաքանչյուր երկրպագուին վերջին ամիսների ընթացքում ցուցաբերած աջակցության համար: Այն, ինչ կատարվում էր Թբիլիսիի փողոցներում հուլիսի 2-ի երեկոյան, մեծ երջանկություն և եռանդ բերեց մեր թիմի յուրաքանչյուր անդամի։ Ձեր աջակցությամբ և համախմբվածությամբ մենք հասել ենք այս պատմական արդյունքին, որը կոչվում է խաղալ Եվրոպայի առաջնությունում, հայտնվել 16 լավագույն թիմերի շարքում։ Այս համախմբվածությամբ և թիմային աշխատանքով մենք պետք է շարունակենք մեր ուղին և աշխատենք նոր հաջողությունների համար»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք. ապրիլի 23-ին Իվանիշվիլիի «Քարթու» հիմնադրամը հայտարարություն էր տարածել, ըստ որի` ազգային թիմին 30 մլն լարի էր խոստացել։