Վրաստանյան 23 հասարակական կազմակերպություններ (ՀԿ) համատեղ հայտարարությամբ արձագանքել են Վրաստանում վերջին զարգացումների և ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ Եվրոպական խորհրդի մտահոգություններին: ՀԿ-ները հայտարարել են՝ կառավարության կուրսը տանում է դեպի Եվրամիությանն անդամակցելու գործընթացի կասեցում։
Ըստ ՀԿ-ների՝ Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացի սառեցման սպառնալիքն իրական է, և այդ դեպքում Եվրամիության նման որոշման պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Վրաստանի իշխանությունը։
Կազմակերպությունները կառավարությանը ևս մեկ անգամ կոչ են արել.
- հետ կանչել «ռուսական օրենքը» և այլ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք հակասում են Եվրամիության հիմնարար սկզբունքներին և արժեքներին,
- չդիմադրել Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնության կամքին՝ դառնալ եվրոպական ընտանիքի անդամ և տեր կանգնել եվրոպական ինտեգրման ճանապարհին ձեռք բերված յուրաքանչյուր նվաճման,
- հետևել Եվրոպական հանձնաժողովի սահմանած 9 քայլերին:
Հիշեցնենք. 2024 թվականի հունիսի 27-ին Եվրոպական խորհուրդը, որը համախմբում է ԵՄ անդամ 27 երկրների ղեկավարներին, լուրջ մտահոգություն է հայտնել Վրաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների և ժողովրդավարական հետընթացի կապակցությամբ։ Եվրոպական խորհուրդը մտահոգություն է հայտնել Վրաստանում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ, մասնավորապես` «գործակալների օրենքի» հաստատումը Հանձնաժողովը գնահատել է որպես հետընթաց թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ առաջարկությունների առումով։
Եվրախորհուրդը կոչ է արել վրացական իշխանություններին` պարզաբանել արտաքին կուրսը փոխելու մտադրությունները, որոնք սպառնում են Վրաստանի ուղուն դեպի Եվրամիություն և դե ֆակտո տանում են դեպի անդամակցության գործընթացի կասեցում։