Վրաստանի գլխավոր դատախազությունը տուժող է ճանաչել «Մթիս ամբեբի» լրատվամիջոցի խմբագիր, լրագրող Գելա Մթիվլիշվիլիին՝ նրան ձերբակալելու, լրագրողական գործունեությանն ապօրինի միջամտելու և ոստիկանության կողմից ֆիզիկական բռնության ենթարկվելու գործով, տեղեկացրել է «Մթիս ամբեբին»:
Սույն գործով հետաքննություն է ընթանում Քրեական օրենսգրքի 154-1-ին և 333-3-բ հոդվածներով։
Ոստիկանությունը Մթիվլիշվիլիին ձերբակալել է հունվարի 23-ին Թբիլիսիի Կեկելիձե փողոցում բնակվող ընտանիքներին բնակարաններից վտարելու ժամանակ։ Մթիվլիշվիլիի խոսքով, ինքը եկել է այդ վայր՝ իր մասնագիտական պարտքը կատարելու, իսկ ավելի ուշ ոստիկանները նրան ձերբակալել են անհնազանդության մեղադրանքով։
Մթիվլիշվիլին պատմել է, որ ձերբակալությունից հետո ոստիկանները ֆիզիկական բռնության են ենթարկել իրեն։ Ըստ նրա՝ ձերբակալվելուց հետո ինքը դարձել է անգործունակ. նա բուժօգնություն չի ստացել ոչ ոստիկանական բաժանմունքում, ոչ էլ` քննչական մեկուսարան տեղափոխվելուց հետո։