Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պնդում է, որ ֆուտբոլիստների ընդունելության ժամանակ վարչապետ Իրակլի Կոբախիձեի ելույթի ընթացքում հնչած բացասական բացականչությունները «փոքր խումբ» է կազմակերպել:
«Ատելություն սերմանողների մի խումբ կա, «հեյթեր» («ատողներ») է կոչվում, որի նպատակը երկրի հաջողության մասին վկայող ցանկացած հանրային տոնակատարություն արժեզրկելն է… Այս մարդիկ փոքր խումբ են ներկայացնում: Նրանք իրարանցում հրահրեցին, բղավեցին, բայց հասարակությունը չհետևեց նրանց»,- ասել է «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Իրակլի Քադագիշվիլին։
Ավելի վաղ այս միջադեպի շուրջ լրագրողների հետ զրույցում խոսել էր խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն. «Մանր–մունր բացասական միջադեպերի հրահրումն այդ բացասական ֆոնն ավելի ընդլայնելու նպատակ ունի, ինչն այս դեպքում չստացվեց։ Վարչապետի ելույթի ժամանակ եթե մեկը «ուհուու» է գոռում, մի 100 հոգի էլ հետևում են դրան, սա աննշան միջադեպ է»։
Հուլիսի 2-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում, որտեղ անցկացվում էր ազգային հավաքականի խաղացողների դիմավորման հանդիսավոր միջոցառումը, վարչապետ Իրակլի Կոբախիձեի բեմ դուրս գալուն հետևել են այնտեղ հավաքված հանդիսատեսի բացասական բացականչությունները։