«Տեր Մովսես քահանան վիրահայոց թեմի առաջնորդի հետ որևէ խնդիր չի ունեցել»,- Aliq.ge-ի հետ զրույցում ի պատասխան կարգալույծ հոգևորականի հնչեցրած հայտարարությունների, ասաց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը։
«Նրա խնդիրն ընտանիքի հետ էր․ եկեղեցու կանոններով, երբ քահանան որևէ տեղ ծառայության է նշանակվում, ընտանիքը պարտադիր իր հետ պետք է լինի։ Վիրահայոց թեմը տարիներ շարունակ սպասում էր, որ ընտանիքը կմիանա, բայց այդպես չեղավ»,-ասում է սրբազանը՝ անընդունելի համարելով դա։
Հիշեցնենք՝ Մայր Աթոռը մարտի 27-ին հայտարարություն տարածեց, որ կարգալույծ է հռչակվել Վիրահայոց թեմի Ծալկայի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Մովսես քահանա Մանուկյանը: Տնօրինության համար հիմք էր հանդիսացել Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի միջնորդագիրը և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը Մովսես քահանա Մանուկյանի` հոգևոր ծառայության վայրն ինքնակամ լքելու վերաբերյալ:
Մանուկյանը հայաստանյան «Հետք» պարբերականի հետ զրույցում զարմանք է հայտնել, թե ինչպես կարող է քահանան իր տարածքը լքել, սակայն նրան միայն 3 տարի անց կարգալույծ անեն․«Երեք տարի առաջ Թեմի առաջնորդի հետ որոշ խնդիրներ եղան: Խնդիրը կապված էր այն բանի հետ, որ Ռուսաստանից մեծահարուստ մարդիկ կային, օգնում էին ինձ: Իրենք ասացին, որ այդ օգնությունը պետք է տաս մեզ: Ես էլ տվյալ մարդուն զանգահարեցի, ասացի, որ էն օգնությունը, ինչը որ ինձ ես տալիս, փոխանցիր թեմին, որովհետև թեմն ասում է, որ դա պետք է տալ իրենց»:
Թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը վստահեցնում է, որ որևէ գումարային խնդիր տվյալ անձնավորության հետ առաջնորդարանը չի ունեցել․ «Բաբկեն վարդապետի (Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ) խնդրանքով, արմատներով Ծալկայից ռուսատանաբնակ բարեգործի ուղարկած գումարները փոխանցվել են նախկին Տեր Մովսես քահանային։ Այսինքն դա Բաբկեն վարդապետի նախաձեռնությունն էր՝ օգտակար լինել այդ քահանային, թեև նյութական նվիրատվությունները պետք է հավաքագրվեն առաջնորդարանում, այնուհետև հաշվապահության միջոցով ծառայեցվեն իրենց նպատակներին»։
Կարգալույծ եկեղեցականը նշել է, որ ուզում էր տարածաշրջանում (Սամցխե-Ջավախք), իր ծննդավայրում ծառայել, սակայն Վիրահայոց թեմից ասում էին՝ «գնա այլ թեմերում ծառայելու»։
«Ինքն է դիմել փոխառաջնորդին, այնհուտև նաև ինձ, որ հնարավորություն տրվի ծառայության մեկնել Հայաստան, հատկապես Վանաձոր, որտեղ ընտանիքին է բնակվում։ Այս ամբողջ ընթացքում Մայր Աթոռ Ս․Էջմիածնի Կարգապահական հանձնախումբը փորձել է նրա համար ծառայության վայր գտնել, բայց այդպես էլ չի հաջողվել, քանի որ որևէ առաջնորդ չի համաձայնել նրան ծառայության վերցնել»,-պարզաբանում է սրբազանը՝ ավելացնելով, որ հանձնախումբը` տեսնելով, որ տվյալ քահանան Հայոց եկեղեցում իր պիտանելիությունը սպառել է, կարգալուծության այդ որոշումը կայացրեց։
Թեմի առաջնորդի փոխանցմամբ՝ Տեր Մովսես քահանայի ձեռնադրությունն ի սկբանե հարցական էր․խնդիրը կարգապահության, քահանայական որակին ու կարողություններին է վերաբերում․
«Ծալկայում, Մառնեուլիի շրջանում, ծննդավայրում, բոլոր այն վայրերում, որտեղ նա ծառայում էր` ձախողված քահանա էր»։
Մանուկյանը քահանա է ձեռնադվել 2009 թվականին։ Մի քանի ամիս Ծալկայի շրջանում ծառայելուց հետո նշանակվել է Մառնեուլիի շրջանի Շահումյան գյուղում: Այստեղ նրան տեղի բնակիչները հիշում են որպես մոլի խաղացող, պատմում են, թե ինչպես է պարտվել և կարճ ժամանակ անց հեռացել գյուղից։
«Գյուղի սենսացիոն իրադարձություններին բոլորն են ծանոթ։ Ես լսել եմ, որ նա խաղացել է՝ տանուլ տալով իր տան դարպասները։ Մեկ այլ խաղում մի սայլ փայտ է պարտվել։ Ասում են՝ գյուղից հեռացել է, քանի որ չի կարողացել վճարել 1000 լարին․․․»,-մեզ հետ զրույցում պատմում են գյուղի բնակիչները՝ ընդգծելով, որ քահանան վատ տպավորություն է թողել՝ «ո՞վ կուզի այդպիսի քահան ունենալ»։
Ծալկայում կարգալույծ քահանայի մասին ասում են, որ չէին կարողանում նրա հետ հարմարեցնել մկրտության, հուղարկավորության կամ որևէ այլ արարողության հետ կապված հարց, քանի որ նա մշտապես տեղում չէր։
Ախալցիխեի բնակիչներից ոմանք էլ հիշում են, որ տեղի եկեղեցին բարերաների գումարներով նորոգելով, անմիջապես նոր վերանորոգման հարց առաջ եկավ․«Եկեղեցու սուրբ սեղանը հաճախասալից (կաֆելից) էր պատրաստել»։
Ալիքը պարզաբանումներ է ստացել նաև արդեն նախկին երեցկին Լիլիթ Յոլչյանից, ով հերյուրանք է համարում վիրահայոց թեմի այն տեսակետը, թե պատճառը միայն ընտանիքի չմիավորվելն է: Նա վստահեցնում է, որ հենց նույն Գուգարաց թեմում, ուր նախկին քահանան որոշ ժամանակ սարկավագ է եղել, նույնպես կան քահանաներ, ովքեր ընտանիքից հեռու են ծառայում: Լիլիթը հերքում է նաև լուրերն այն մասին, թե քահանան հաճախ էր լքում եկեղեցին՝ ընտանիքի մոտ լինելու պատճառով, ինչն էլ խանգարում էր նրա պատշաճ ծառայությանը.
«Կարող են ստուգել, որ իմ ամուսինը ամիսներ շարունակ Վրաստանի սահմանը չի հատել: Երրորդ երեխայիս ծնվելու ժամանակ անգամ նա ծննդատուն չի եկել: Ինչի մասին է խոսքը: Մենք նույնիսկ տոներին նրա երեսը չէինք տեսնում, եթե գալիս էր, գիշերով էր գալիս ու գնում, որ առավոտյան իր եկեղեցում լիներ: Ամուսինս հնազանդ ծառայում էր, նա ուզում էր ծառայությունն անցկացնել իր ծննդավայրում, իր գյուղում, ուրիշների նման Էջմիածին չէր ձգտում: միակ խնդիրը գումարի մեջ է, որը թեմի առաջնորդը չի կարողացել կիսել, և սկսել են ամեն ինչ անել, որ ամուսինս ինքը թողնի ու դուրս գա, բայց նա մինչև վերջ հույս ուներ, որ Վեհափառն իր ձեռնադրած քահանայի կողքը կկանգնի, որն այդպես էլ չեղավ»:
Ամուսնու մոտ չտեղափոխվելու համար Լիլիթ Յոլչյանն այլ պատճառներ ևս ունի: Ասում է, որ իր երեք երեխաների հոգսերը հոգալն անհնարին կլիներ, քանի որ տեղափոխվելու դեպքում կկորցնի աշխատանքը: Բացի այդ, պայմանները, որոնք առաջարկվել են, մեղմ ասած՝ անհարմար են եղել երեք մանկահասակ երեխաների կեցության համար: