Թբիլիսիի Ազատության հրապարակում, որտեղ երեկ անցկացվել է ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողների դիմավորման արարողությունը, վարչապետ Իրակլի Կոբախիձեի բեմ դուրս գալուն հաջորդել են հավաքված հանդիսատեսի բացասական բացականչությունները։
Վարչապետն իր խոսքում շնորհավորել է ազգային հավաքականին և մինչ նրանց Պատվո շքանշանով պարգևատրելը, բեմ հրավիրել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։ Նրան ներկայացնելիս Իրակլի Կոբախիձեն չի ասել՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի, վերջինիս հիշատակել է միայն անուն-ազգանունով։
«Շնորհավորում եմ բոլորին, շնորհավորում եմ մեծագույն հաջողության կապակցությամբ, մեծագույն ուրախության համար, որը Եվրոպայում անվանում էին վրացական հրաշք: Մինչ խոսքս սկսելը, ուզում եմ բեմ հրավիրել Սալոմե Զուրաբիշվիլիին, ով ցանկանում է տղաներին Պատվո շքանշով պարգևատրել», — հանդիսականի բղավոցների ներքո ասել է Կոբախիձեն և խոսափողն անմիջապես փոխանցել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, որը ծափահարությունների է արժանացել:
Նշենք, որ ազգային հավաքականի ֆուտբոլիստները Ազատության հրապարակ են ժամանել երթով: Նրանք բաց ավտոբուսով անցել են Ճավճավաձե-Մելիքիշվիլի-Ռուսթավելի պողոտայով։ Երկրպագուները ճանապարհին ողջունել են թիմի անդամներին՝ երգելով ու շնորհակալական բացականչություններով։