ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը հայտնել է, որ երկկողմ հարաբերությունների համատեքստում իրենք շարունակում են համագործակցել Վրաստանի կառավարության ներկայացուցիչների հետ։
Այս հայտարարությունը նա արել է հուլիսի 1-ին Պետդեպում կայացած ճեպազրույցում, որտեղ հարց է տրվել վրացի պաշտոնյաների ԱՄՆ կատարած այցերի մասին։
«Այս ճեպազրույցի սենյակում մենք շատ ժամանակ անցկացրինք՝ խոսելով Վրաստանում ընդունված որոշ օրենքների մասին: Կարևոր է, որ մենք շարունակենք համագործակցել Վրաստանի կառավարության համապատասխան պաշտոնյաների հետ: Սա մի երկիր է, որի հետ մենք ունենք մի շարք խնդիրներ, որոնց ցանկանում ենք առաջնահերթություն տալ երկկողմ հարաբերությունների համատեքստում։
Իհարկե, երբ խոսքը վերաբերում է այս կոնկրետ («գործակալների» — հեղ) օրենքին, դուք և՛ ինձանից, և՛ Մեթյու Միլլերից լսել եք այն բազմաթիվ խնդիրների մասին, որոնք կան, և որ դրանք հակասում են Վրաստանի ԵՄ ձգտումներին»,- ասել է Պատելը:
Ի դեպ, Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիան ասել էր, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին իրավապահ մարմինների ներկայացուցիչ է ուղարկել ԱՄՆ՝ իր անձնական գործերը կարգավորելու համար: