Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի որդին՝ Ցոտնե Իվանիշվիլին, Քյոլնում հանդիպել են UFC-ի նախկին չեմպիոն, դաղստանցի մարզիկ Խաբիբ Նուրմագոմեդովին։
Ոչ պաշտոնական հանդիպման լուսանկարները տարածվել են սոցիալական ցանցերում: Հանդիպման ընթացքում քննարկված հարցերի մասին տեղեկություն չի հաղորդվում։
Կոբախիձեն, Կալաձեն, Ցոտնե Իվանիշվիլին և Նուրմագոմեդովը ներկա են եղել Գերմանիայում կայացած Վրաստանի և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը։
Կալաձեն ևս սոցցանցում հրապարակել է Նուրմագոմեդովի և Ցոտնե Իվանիշվիլիի հետ լուսանկարը, իսկ UFC-ի նախկին չեմպիոնն «Ինստագրամ» սոցիալական ցանցում գրել է. «Երկրպագում էի Վրաստանին: Բրավո: Ամեն դեպքում»:
Ի դեպ, 2021 թվականին Նուրմագոմեդովը պատրաստվում էր այցելել Վրաստանի օկուպացված շրջան՝ Աբխազիա, սակայն աբխազական կողմն ասել էր, որ այցը չեղարկվել է «ԱՄՆ-ի և Վրաստանի պատժամիջոցների, ամերիկյան վիզաների չեղարկման ուղղակի սպառնալիքների, UFC-ում սպորտային միջոցառումներին մասնակցելու սահմանափակումների և ԱՄՆ-ում պայմանագրերը խզելու սպառնալիքների պատճառով»: