Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանիոլին ասել է, որ ուրախ է Վրաստանում աշխատելու համար։ Հարցին, թե ապագայում ինչ ծրագրեր ունի ֆրանսիացի մարզիչը, Սանիոլին ասել է, որ չի կարող նախապես խոսել ապագայի մասին, թեև գոհ է, որ Վրաստանում է։
«Ինձ համար պատիվ է լինել այն տղաների մարզիչը, որոնք այս 3,5 տարիների ընթացքում ինձ այդքան ուրախություն են պարգևել։ Շատ ուրախ եմ, որ Վրաստանում, ուրախ եմ այս հրաշալի մրցաշարին մասնակցելու համար։ Չգիտեմ, թե ինչ կլինի ապագայում, երբեք չգիտես, թե ինչ կլինի ֆուտբոլում, բայց այս պահին շատ երջանիկ եմ Վրաստանում»,- Talk-ին տված հարցազրույցում ասել է Վիլի Սանիոլին։
«Պիրվել արխիին» տված հարցազրույցում Խվիչա Կվարացխելիան նշել է, որ առաջին խաղակեսին հաշիվը հավասարեցրած գոլը պետք չէր հաշվել։
«Մենք իսկապես իրականացրինք մեր երազանքը, անցանք F խումբն ու պայքարեցինք նման բարդ մրցակցի դեմ։ Իմ կարծիքով, մի քիչ անհաջողակ էինք։ 1-ին խաղակեսի վերջին րոպեներին եթե գնդակը չհանձնեինք, գուցե ավելի լավ լիներ»,- ասել է Խվիչա Կվարացխելիան։
Նա շնորհակալություն է հայտնել երկրպագուներին և ասել, թե չէր սպասում, որ այդքան մարդ ներկա կլինի այդ հանդիպմանը։
Ազգային հավաքականի խաղացող Բուդու Զիվզիվաձեն, որին քիչ խաղաժամանակ տրվեց Եվրոպայի առաջնությունում, ասել է, որ հարգում է մարզչի բոլոր որոշումները։ Նրա խոսքով՝ ինքը շատ ուրախ է ու շնորհակալ այն մի քանի րոպեների համար, որ ստացել է Եվրոպայի առաջնությունում խաղալու ընթացքում։
Վրաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության F խմբի վճռորոշ 3-րդ խաղում 2:0 հաշվով հաղթեց Պորտուգալիային ու մտավ փլեյ-օֆֆ։
Վրացիներից գոլեր խփեցին Խվիչա Կվարացխելիան և Գեորգի Միքաուտաձեն: Չեխիայի հետ ոչ-ոքիի և Պորտուգալիայի դեմ տարած հաղթանակի շնորհիվ Վրաստանը վաստակեց ընդհանուր 4 միավոր և կարողացավ հանդիպել Իսպանիայի հավաքականին։