ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը բացասական է գնահատել Վրաստանում գենդերային քվոտաների վերացումը, նշված է Հանրային պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ տեղեկության՝ հանրային պաշտպանի դիմումի հիման վրա ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը պատրաստել է իրավական զեկույց գենդերային քվոտաների վերացմանն առնչվող օրգանական օրենքի վերաբերյալ՝ բացասաբար գնահատելով դրանք և համարել է, որ օրենքը հակասում է մարդու իրավունքների միջազգային չափանիշներին՝ քաղաքական և հասարակական կյանքում կանանց նկատմամբ խտրականության վերացման առնչությամբ։
Եզրակացության համաձայն՝ քվոտային համակարգը նպատակաուղղված է դե ֆակտո հավասարության հասնելուն և նպաստում է երկրում կանանց ներկայացվածության աստիճանական բարձրացմանը:
«Եզրակացության մեջ մանրամասն վերանայվել են քաղաքական և հասարակական կյանքում գենդերային հավասարության խթանման ուղղությամբ միջազգային պարտավորությունները, տրվել են կոնկրետ առաջարկություններ»,- ասված է տարածած տեղեկատվության մեջ։
Ի դեպ, Վրաստանի խորհրդարանը 4 օրում հապճեպ քննարկեց օրենքը և վերջնական՝ երրորդ ընթերցմամբ, ընդունեց այս տարվա ապրիլի 4-ին, իսկ ավելի ուշ՝ մայիսի 15-ին, հաղթահարեց Վրաստանի նախագահի կիրառած վետոն։