Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի և այլ միջազգային կազմակերպությունների 36 երկրների մշտական ներկայացուցչությունը Վրաստանի կառավարությանը կոչ է անում հետ կանչել «գործակալների օրենքը»: Հայտարարությունը ներկայացրել է Ժնևում Լիտվայի մշտական ներկայացուցչությունը և ունի 35 համախոհ։
Հեղինակների կարծիքով՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը (նույն «գործակալների օրենքը») լուրջ սպառնալիք է Վրաստանում քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության համար։
«Օրենքը կոչված է խոչընդոտող ազդեցություն թողնելու լրատվամիջոցների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեության վրա՝ նրանց ձայնը ճնշելու նպատակով։ Օրենքն ընդունվեց` չնայած վրաց ժողովրդի մեծ մասի մտահոգություններին և միջազգային հանրության բազմաթիվ կոչերին՝ ձեռնպահ մնալ օրինագծի առաջխաղացումից, ներառյալ Վենետիկի հանձնաժողովի մանրամասն իրավական փաստարկները»,- ասված է հայտարարության մեջ։
Հայտարարությունը ստորագրողները կոչ են անում Վրաստանի կառավարությանը` հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, դադարեցնել օրենքի հակառակորդների նկատմամբ ահաբեկման արշավը և պաշտպանել խոսքի, արտահայտվելու և խաղաղ հավաքների ազատությունը, ինչպես նաև հետաքննել խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման բոլոր գործողությունները և զերծ մնալ հռետորաբանությունից, որը կարող է էլ ավելի սրել երկրում ծայրահեղ բևեռացումը: