Ախալաքլաքում, «Քո ձայնը պետք է լսվի» ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ դասընթաց՝ նախատեսված երիտասարդ կանանց համար, խորագրով՝ «Կանանց դերն ընտրություններում ու ապատեղեկատվությունների դեմ պայքարը»:
Մեկ օրվա ընթացքում մասնակիցները ծանոթացան քաղաքականության մեջ կանանց մասնակցության նրբություններին ու մարտահրավերներին, քննարկեցին հասարակության մեջ տարածված կարծրատիպերն ու դրանց հաղթահարելու ճանապարհները: Գիտելիքները ստանալուց հետո կիրառեցին դրանք դեբատներում, որտեղ ներկայացրին կանանց՝ ընտրություններին մասնակցելու անհրաժեշտությունը: Մասնակիցներն անդրադարձան նաև Վրաստանի խորհրդարանում մինչ այս տարվա ընտրությունները գոյություն ունեցող քվոտաների հարցը, ներկայացրին, թե իրենց կարծիքով պետք է արդյոք լինի գենդերային քվոտավորում, թե՝ ոչ:
«Չգիտեի քվոտավորման գոյության մասին, ինչն ինձ համար նոր գիտելիք դարձավ: Ես նման թրեյնինգների շատ եմ սիրում մասնակցել, սովորաբար այնքան էլ ակտիվ չեմ լինում ընթացքում, բայց այս միջոավայրում ու տվյալ թեմայի քննարկման շրջանակներում, շատ ակտիվ էի ու ուրախ եմ այդ կապակցությամբ»,- ասում է դասընթացի մասնակից Եփրիկյան Աննան, ով վստահ է՝ կանայք պիտի ավելի ակտիվ լինեն թե՛ որպես քաղաքական գործիչներ, թե՛ առնվազն ընտրություններին մասնակցելիս:
«Շատ կարևոր է, որ կանայք իմանան իրենց իրավունքները ու միշտ արտահայտվեն, ներկայացնեն իրենց կարծիքը՝ քաղաքականության մեջ: Իմ համար վառ օրինակ է մեր նախագահը, ով կին լինելով հանդերձ ակտիվ քաղաքականություն է վարում ու այդ ամենը սկսվում է հետաքրքրությունից, քաղաքացիական պարտքը կատարելուց՝ ընտրություններին մասնակցելով»,- մեզ հետ զրույցում ասում է Նինա Լևանյանը:
Նախագծի շրջանակներում անցկացվել է երկու նման հանդիպում, որոնց մասնակցել է ավելի քան 40 երիտասարդ Ախալքալաքի շրջանի տարբեր կետերից:
«Քո ձայնը պետք է լսվի» նախագիծն իրականանում է «Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ կանայք՝ որպես ինտեգրման դեսպաններ» ծրագրի մինի գրանտերի հատվածի շրջանակներում, որն իրականացնում է «Զարգացման ու ներգրավման հարթակը» (DEP) Ռոնեի հիմնադրամի ու Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ:
Հիշեցնենք, Հոկտեմբերի 26-ին Վրաստանում առաջին անգամ խորրդարանական ընտրություններ են նախատեսվում՝ լիովին համամասնական մեթոդով: