2024 թվականի հունիսի 27-ին պաշտոնական այցով Վրաստանում է Ադրբեջանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Ջեյհուն Բայրամովը։
Այցի շրջանակներում Ադրբեջանի ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի և Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ։
Կոբախիձեն ու Բայրամովը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության կարևոր հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակը։ Ուշադրություն է դարձվել տնտեսական համագործակցությանը և տարածաշրջանային նշանակության նախագծերին։ Նշվել է ենթակառուցվածքային և էներգետիկ խոշոր ծրագրերի իրականացման գործում համատեղ ջանքերի կարևորությունը։
Կողմերն ընդգծել են տարանցիկ և լոգիստիկ գործառույթի ամրապնդմանն ուղղված նախագծերի առանձնահատուկ նշանակությունը, այդ թվում՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու, Սևծովյան խորջրյա էլեկտրահաղորդման մալուխի և Անակլիա խորջրյա նավահանգստի խնդիրները։
Բայրամովի հետ հանդիպմանը Դարչիաշվիլին հայտարարել է` Բաքուն Թբիլիսիի համար ոչ միայն բարեկամ է, նաև հուսալի գործընկեր է։ Դարչիաշվիլին նշել է նաև, որ երկու երկրների արտգործնախարարների հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգը և տարածաշրջանում ու աշխարհում ընթացող գործընթացները։
Հանդիպմանը նախարարները քննարկել են տնտեսական համագործակցության հարցերը։ Նշենք, որ Ադրբեջանը վերջին տարիներին Վրաստանի առևտրային գործընկերների հնգյակում է։
Խոսելով տարածաշրջանում ընթացող գործընթացների մասին, Դարչիաշվիլին ընդգծել է հարավկովկասյան տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության ապահովման կարևորությունը։ Տարածաշրջանային առումով քննարկվել է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև առկա եռակողմ համագործակցության ձևաչափը։
Այս ամենից զատ, հատուկ ընդգծվել են տարածաշրջանային համատեղ տրանսպորտային և էներգետիկ նախագծերի կարևորությունն ու հեռանկարները։ Կարևորվել են «Միջին միջանցքի» նշանակությունը և նշված նախագծում Վրաստանի ու Ադրբեջանի ներգրավվածությունը։ Անդրադարձել են Վրաստանի նախաձեռնած էլեկտրահաղորդման ստորգետնյա մալուխային նախագծի, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու, բնական գազի հարավային միջանցքի նախագծերի կարևորությանը կապի զարգացման գործում:
«Վստահ եմ, որ ապագայում մեր տարածաշրջանի գրավչությունն ու գործառույթն էլ ավելի կավելանան և կնպաստեն Արևմուտքի ու Արևելքի միջև կապի աճին»,- ասել է Դարչիաշվիլին։
Պապուաշվիլին ու Բայրամովն ընդգծել են Վրաստանի և Ադրբեջանի միջև ամուր բարեկամական կապերը և երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացման պատրաստակամություն հայտնել։ Քննարկել են նաև երկու երկրների երկկողմ և բազմակողմ հարաբերությունները։ Ուշադրություն կենտրոնում է եղել «Միջին միջանցքի»` որպես էներգիայի ռեսուրսների փոխադրման արագ և հուսալի ճանապարհի աճող կարևորությունը։ Խոսել են տրանսպորտային-էներգետիկ և Սև ծովի խորջրյա մալուխային նախագծերի մասին։