Վրաստանի խորհրդարանը հաղթահարեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների նախագծի վերաբերյալ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն: Հունիսի 27-ին խորհրդարանի լիագումար նիստում նախագահի մոտիվացված դիտողությունները մերժվեցին (0 կողմ, 63 դեմ), ապա 78 ձայնով վերջնականապես հաստատվեց երեք ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի տարբերակը։
«Վրացական երազանքի» նախագծով` եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշումներն ու կադրային փոփոխությունները չստանան անդամների երկու երրորդի աջակցությունը, ապա դրանք կընդունվեն վերաքվեարկության միջոցով՝ պարզ մեծամասնությամբ։ Փոփոխության իրականացումից հետո ԿԸՀ-ն կարող է որոշումներ ընդունել առանց ընդդիմության ձայների։
Նույն օրինագծով վերացվում է ԿԸՀ խորհրդատվական խումբը, որի գոյությունը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի փաստաթղթի համաձայնագրի մաս է կազմում։ Խորհրդատվական խումբը ստեղծվում էր ընտրությունների նշանակման օրվանից տասնօրյա ժամկետում և ներառում էր հանրային պաշտպանի և տեղական ու միջազգային դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նախագահի վետոյի փաստաթղթում ասվում է, որ այս փոփոխությունը փաստացի նշանակում է, որ որոշումը կարող է ընդունվել առանց կողմերի միջև որևէ խորհրդակցության։ Նախագահը համարում է, որ որակյալ մեծամասնության որոշումների կայացման մեխանիզմը կոնսենսուսի նախադրյալ է ստեղծում, ինչը կարևոր հանգամանք է ԿԸՀ–ի, ընտրական գործընթացի անցկացված կամ կայանալիք ընտրությունների նկատմամբ վստահության առումով։
Ի դեպ, Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 26-ին։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով. խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն 5 տոկոսի շեմը հաղթահարած քաղաքական կուսակցությունների միջև։
Իշխանությունը փոխել է ԿԸՀ նախագահի ընտրության կարգը. ինչ պետք է իմանալ