Վրաստանում հակառուսական տրամադրություններին զուգահեռ՝ Մոսկվան հայտարարել է, որ պատրաստ է Թբիլիսիի հետ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները:
Ռուսաստանը պատրաստ է շարժվել Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ և այդ նպատակով կաջակցի Թբիլիսիի ցանկացած նախաձեռնության, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք կշարունակենք հավատալ, որ դա համապատասխանում է մեր ժողովրդի շահերին։ Մենք աջակցում ենք ցանկացած նախաձեռնության, որը ծառայում է ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման շահերին, այս համատեքստում ողջունում ենք նշված նախաձեռնությունը, պատրաստ ենք շարժվել այդ ճանապարհով»,- ասել է Զախարովան:
Հունիսի 11-ին վրացական ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Վրաստանն ու Ռուսաստանը, հավանաբար, կաշխատեն երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել էր, որ «իմաստ չի տեսնում մեկնաբանելու ընդդիմադիր ուժերի շրջանառած միտումնավոր սուտ տեղեկատվությունը»։
Նշենք, որ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորության մասին ավելի վաղ արված մեկնաբանությունների համաձայն՝ «Վրացական երազանք» կուսակցությունը չի քննարկի այդ հարցը մինչև Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքների լիակատար ապաօկուպացումը։
Վրաստանը Ռուսաստանի հետ խզել է դիվանագիտական հարաբերությունները 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից և Մոսկվայի կողմից Հարավային Օսիայի ու Աբխազիայի հանրապետությունների անկախությունը ճանաչելուց հետո։