ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ադմինիստրատորի օգնական, դեսպան Էրին Էլիզաբեթ ՄըքՔին ասել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել, որ Վրաստանը դուրս չգա ժողովրդավարության ուղուց։
«Կովկասում մենք այժմ բախվում ենք նոր մարտահրավերների, բայց նաև տեսնում ենք նոր հնարավորություններ:
Վրաստանում կենտրոնացած ենք այն խնդրի վրա, որ Վրաստանը մնա ժողովրդավարական ճանապարհին և անցկացնի ազատ ու արդար ընտրություններ այս հոկտեմբերին, և հուսով ենք, որ Վրաստանը կվերականգնի Եվրամիությանն իր ինտեգրման թափը»,- ասել է դեսպան ՄըքՔին հունիսի 26-ին Վաշինգտոնում 2024-2025 ֆինանսական տարվա բյուջեի վերաբերյալ հանձնաժողովի լսումների ժամանակ:
Նա նաև նշել է, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից «Օտարերկրյա գործակալների մասին օրենքի» ընդունումը և հակաարևմտյան հռետորաբանությունը մեծ վտանգ են ներկայացնում քաղաքացիական հասարակության, անկախ լրատվամիջոցների համար, և այդ իրավիճակում առաջնային է դառնում USAID-ի աջակցությունը ժողովրդավարական ուժերին: