Թբիլիսիում ծեծի է ենթարկվել ակտիվիստ Կոտե Աբդուշելիշվիլին: Վերջինս բողոքում է Ճիաթուրայի մունիցիպալիտետի գյուղերից մեկում «Ջորջիան Մանգանեզ» հանքարդյունաբերական ընկերության գործողությունների դեմ և ընկերության դեմ ակցիա է ծրագրում։
Ճիաթուրայի մունիցիպալիտետի Զոդի գյուղի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում Աբդուշելիշվիլին պատմում է, որ Թբիլիսիի 51-րդ դպրոցի մոտ երեք դիմակավորված անձինք թիկունքից հարձակվել են իր վրա և ծեծի ենթարկել։ Նա նշել է, որ մարմնի վրա ունի թեթև վնասվածքներ, ցավում է գլուխը:
Ուշագրավ է, որ հունիսի 30-ին Ճիաթուրայի մունիցիպալիտետում ընդդեմ «Ջորջիան Մանգանեզի» ակցիա է նախատեսված։ Տեղացիները կարծում են, որ հանքարդյունաբերական ընկերությունը ոչնչացնում է իրենց գյուղը։
Ընդգծենք նաև, որ չորս օր առաջ՝ հունիսի 22-ին, ծեծի էր ենթարկվել ցույցի կազմակերպիչներից Նիկո Գափրինդաշվիլին։ Տղամարդը մարմնական վնասվածքներ ունի, ախտորոշվել է նաև գլխուղեղի ցնցում։