Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի (ԱԳ) նախարարները հունիսի 24-ին Լյուքսեմբուրգում անցկացված Արտաքին հարաբերությունների խորհրդում (FAC), ի թիվս այլ հարցերի, քննարկել են Վրաստանի նկատմամբ հնարավոր քայլերը:
Եվրամիությունում, «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրների համաձայն՝ Եվրահանձնաժողովի առաջարկած միջոցառումներին դեմ են արտահայտվել միայն երկու անդամ երկրներ՝ Հունգարիան ու Սլովակիան։
Ուշագրավ է, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանքի» կառավարությունը սերտ հարաբերություններ ունի ակդ երկու երկրների ղեկավարների հետ, և երկուսն էլ նկատելիորեն քիչ են քննադատում Վրաստանի իշխանություններին։
Այնուամենայնիվ, կոնսենսուսը, այսինքն՝ բոլոր 27 անդամ երկրների համաձայնությունը, անհրաժեշտ չէ Խորհրդում քննարկված պատասխան միջոցների հաստատման համար։
ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը երկուշաբթի առավոտյան ասել էր, որ Խորհուրդը «կողմնորոշիչ բանավեճ» կանցկացնի Վրաստանի հարցով, բայց կոնկրետ որոշումներ չեն ընդունվի։