Վրաստանում «գործակալների օրենքի» ընդունման և վերջին իրադարձություններին ի պատասխան՝ ԵՄ արտաքին գործերի (ԱԳ) նախարարները, ի թիվս այլ միջոցների, քննարկում են նաև Վրաստանի կառավարության բարձրաստիճան անդամների համար Շենգենյան վիզաների դադարեցման հարցը։
Լյուքսեմբուրգում ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների՝ Արտաքին հարաբերությունների խորհրդի (FAC) հանդիպումից առաջ, հայտարարել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահնկան:
Ցահնկան ասել է՝ եթե Վրաստանի կառավարությունը չփոխի իր ուղին, ապա Վրաստանը չի կարողանա քայլ կատարել Եվրամիությանը մոտենալու համար։ Նա նաև հայտարարել է, որ կա կոնկրետ քայլերի ցանկ, որոնք մշակել է Եվրահանձնաժողովը, և որոնք այսօր կքննարկեն ԱԳ նախարարները։
«Բարձրաստիճան պաշտոնյաների համար շենգենյան վիզային ռեժիմի սահմանափակումների վերաբերյալ քննարկում է լինելու»,- ասել է Ցահնկան:
Ուշագրավ է նաև, որ ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ևս հայտարարել է՝ եթե Վրաստանի կառավարությունը շարունակի ընթանալ նույն ճանապարհով, որն ընտրել է վերջերս, ապա Եվրամիության դուռը Վրաստանի առաջ կփակվի։