ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ եթե Վրաստանի կառավարությունը շարունակի ընթանալ նույն ճանապարհով, որն ընտրել է վերջերս, ապա Եվրամիության դուռը Վրաստանի առաջ կփակվի։
Այսօր ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հավաքվել են Լյուքսեմբուրգում՝ արտաքին գործերի խորհրդի (FAC) շրջանակում: Օրվա ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն Վրաստանում ընթացող իրադարձությունները։
Բորելն ասել է, որ Խորհուրդը «կողմնորոշիչ բանավեճ» կանցկացնի Վրաստանի հարցով, սակայն այսօր կոնկրետ որոշումներ չեն ընդունվի։
«Մի բան ակնհայտ է՝ Վրաստանի համար անդամակցության դուռը բաց է, բայց եթե կառավարությունը շարունակի նույն ճանապարհը, ապա այն կփակվի»,- ասել է Բորելը:
Ըստ Բորելի՝ այդ քայլի հետևանքները կրելու է վրաց ժողովուրդը, ում վրա կազդի այն, որ եվրոպական հեռանկարը կնվազի կամ նույնիսկ կվերանա. «Մենք չենք ցանկանում, որ քաղաքացիները տուժեն (պատասխան գործողություններից-հեղ), մենք չենք ցանկանում ավելի շատ ցավ պատճառել նրանց: Բայց կան լուծումներ, որոնք թվարկված են, և օրվա վերջում կարող եմ ասել, թե ինչպես կարձագանքեն արտգործնախարարներն իմ առաջարկին»:
Բորելը թվարկել է մի քանի միջոցներ, որոնք այսօր կառաջարկի նախարարներին՝ որպես կարճաժամկետ միջոցառումներ՝ ի պատասխան Վրաստանի կառավարության գործողությունների: Այդ թվում են՝ բարձրաստիճան անձանց այցելությունների կրճատում, տրամադրվող օգնության դադարեցում, այդ թվում՝ ռազմական և այլն։
Ուշագրավ է, որ Եվրամիությունը պատրաստվում է հաջորդ ընդլայնմանը մինչև 2030 թվականը։