Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինքը (ALDE) հրատապ բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ՝ դատապարտելով Վրաստանի «ավտորիտար և հակաեվրոպական շրջադարձը»։ Բանաձևն ընդունվել է հունիսի 22-ին՝ Վիլնյուսում, կուսակցության խորհրդի նիստում:
Բանաձևը ճանաչում է Եվրամիությանն անդամակցելու վրաց ժողովրդի կամքը և կոչ է անում Եվրամիությանն ու եվրոպական երկրներին մուտքի արգելքներ և ֆինանսական պատժամիջոցներ կիրառել Վրաստանի իշխող «Վրացական երազանքի» առաջնորդների և պաշտոնյաների նկատմամբ, ինչպես նաև «գործակալների օրենքի» նախաձեռնողների, և այն իրավապահների նկատմամբ, ովքեր բռնություն են գործադրել խաղաղ ակտիվիստների և քաղաքական գործիչների նկատմամբ:
Բանաձևն ընդունում է, որ «մինչ վրաց ժողովուրդը ձգտում է միանալ Եվրամիությանը, «ռուսական օրենքի» և հարկային նոր օրենսդրության ընդունումը Վրաստանը տանում է հակալիբերալ և հակաեվրոպական ուղղությամբ, ինչը կխանգարի Վրաստանին միանալ Եվրոպական միությանը»:
ALDE-ն նաև կոչ է անում Եվրամիությանն ու եվրոպական երկրներին անձնական պատժամիջոցներ սահմանել «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ։
Բանաձևը ԵՄ-ին և անդամ երկրներին կոչ է անում նաև, հոկտեմբերին Վրաստանում կայանալիք ընտրությունների ազատ ու արդար չլինելու դեպքում՝ հստակ սահմանել Վրաստանի անդամակցության, առանց վիզայի և ԵՄ այլ առավելությունների հետևանքները: ALDE-ն նաև կոչ է անում ԵՄ-ին և եվրոպական երկրներին «ավելացնել աջակցությունը Վրաստանի քաղաքացիական հասարակությանը» և ուժեղացնել Վրաստանում ընտրությունների մոնիտորինգը։
Ուշագրավ է նաև, որ հունիսի 22-ի նիստում ALDE-ի աջակցության արդյունքում Վրաստանի ընդդիմադիր «Գիրչի- առավել ազատություն» կուսակցությունը դարձավ ALDE-ի լիիրավ անդամ։ Ավելի վաղ, վրացական մեկ այլ ընդդիմադիր՝ «Դրոա» կուսակցությունը ևս դարձել էր ALDE-ի անդամ։