Ամերիկացի դեմոկրատ սենատոր Ջին Շահինը Վրաստանի կառավարությանը խելամիտ լինելու կոչ է արել: Շահինի խոսքով, «Վրացական երազանքի» կառավարության գործողություններն առանց պատասխան քայլերի չեն մնա։
Դեմոկրատ սենատորը նշել է, որ պաշտոնական Թբիլիսին մոտ ապագայում կզգա Վաշինգտոնի պատասխան քայլերը, ինչը լավ չի լինի «Վրաստանի առաջնորդների համար»։
Վերջերս Շահինը հայտարարել էր, որ վրացի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ և վիզային սահմանափակումներ կսահմանվեն:
Դեմոկրատ սենատորը նշել է, որ Վրաստանի խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրենքը «իրականում հիմնված է Ռուսաստանի օրինակի վրա». «Մենք ցանկանում ենք Վրաստանի կառավարության գործող ղեկավարներին հստակորեն տեղեկացնել, որ իրենց գործողությունները հետևանքներ կունենան», — ասել է սենատոր Շահինը՝ պարզաբանելով, որ «գործակալների օրենքի» շրջանակներում անհնարին կդառնա Վրաստանում ոչ կառավարական հատվածի, ինչպես նաև ամերիկյան NDI և IRI կազմակերպությունների աշխատանքը։
Դեմոկրատական կուսակցությունից սենատորը, որ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է, նշել է նաև, որ «Վրացական երազանքի» ձեռնարկած քայլերը կազդեն Ամերիկայի և Վրաստանի միջև ռազմական համագործակցության վրա։