Հինգշաբթի օրը՝ հունիսի 20-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսում տեղի է ունեցել «Հելսինկյան հանձնաժողովի» ևս մեկ լսում, այս անգամ՝ Վրաստանում, Ղազախստանում, Սլովակիայում, Հունգարիայում և այլ երկրներում ընդունված կամ ներկայում քննարկվող Ռուսաստանի «Օտարերկրյա գործակալների մասին օրենքի» նման օրենքների վերաբերյալ:
«Հելսինկյան հանձնաժողովին» Վրաստանի վերաբերյալ զեկույց է ներկայացրել քաղաքական վերլուծաբան, Կոլումբիայի համալսարանի Հարիման ինստիտուտի գիտաշխատող Լինքոլն Միտչելը, վերջինս 2012 թվականին Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի խորհրդականն էր:
Միտչելի խոսքով, ինքը հստակ չգիտի, թե ինչու է «Վրացական երազանքի» կառավարությունն ընդունել «գործակալների օրենքը» և ինչու է այն հիմա ընդունվել, թեև մի քանի կարծիք է հայտնել։ Ըստ վերլուծաբանի՝ հրահանգների մեծ մասը գալիս է Ռուսաստանից:
«Շատերը ենթադրում են, որ հրահանգը գալիս է Մոսկվայից: Կրեմլում ինչ-որ մեկը վերցնում է հեռախոսը, զանգահարում Բիձինա Իվանիշվիլիին և ասում. «Մենք ցանկանում ենք, որ սա այդպես լինի»…Պարզ բացատրությունը սա է, որ Ռուսաստանը ցանկացել է դա անել: Դա իսկապես հնարավոր է, թեև մենք չենք կարող հստակ իմանալ»,- ասել է Միտչելը:
Միտչելը կենտրոնացել է 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների, Վրաստանում քաղաքացիական հասարակության հզորության վրա։ Նա անդրադարձել է նաև պատժամիջոցների թեմային: Նրա կարծիքով, պատժամիջոցներն իմաստ ունեն, «հատկապես՝ այնպիսի երկրում, ինչպիսին Վրաստանն է, որտեղ Արևմուտքի հետ շփումը շատ կարևոր է»։