Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հանդիպել է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» (GYLA) նախագահի և կազմակերպության անդամների հետ։ Դեսպանն այցելել է կազմակերպության գրասենյակ:
«Հանդիպումն անցկացվել է ԵՄ ներկայացուցչության նախաձեռնությամբ։ Դա մեծ աջակցություն էր, հատկապես հիմա, երբ ամեն օր տեսնում ենք իշխանության հարձակումները։
Նմանօրինակ հանդիպումները մեզ համար կարևոր են՝ շարունակելու պայքարել մեր հասարակության, ժողովրդի համար, ինչը մեր կազմակերպությունն անում է արդեն 30 տարի»,- հանդիպումից հետո ասել է GYLA-ի նախագահ Նոնա Քուրդովանիձեն։
Պավել Հերչինսկին նշել է, որ Եվրամիությունն աջակցում է GYLA-ին, որն օգնում է Վրաստանի խոցելի խմբերին, բացի այդ ակտիվորեն ներգրավված է ընտրությունների դիտորդական գործունեության մեջ։
«Եվրամիությունը կշարունակի աջակցել GYLA-ին, մենք աջակցելու ենք Վրաստանի քաղաքացիական հասարակության բոլոր կազմակերպություններին, քանի որ կենդանի քաղաքացիական հասարակությունը ցանկացած ժողովրդավարության ողնաշարն է»,- ասել է ԵՄ դեսպանը։