Եվրաինտեգրման հարցերով նախկին պետնախարարը միանում է ընդդիմությանը

Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան կառույցներում ինտեգրման հարցերով նախկին պետնախարար Ալեքսի (Բուկա) Պետրիաշվիլին միանում է ընդդիմադիր «Դրոա» կուսակցությանը։ Քաղաքականության մեջ իր ակտիվ ներգրավվածությունը նա բացատրել է երկիրը եվրաինտեգրման կուրս վերադարձնելու ցանկությամբ։

Մանրամասների մասին Պետրիաշվիլին խոսել է «Դրոա»-ի և «Գիրչի — առավել ազատություն»-ի առաջնորդներ Էլենե Խոշտարիայի և Զուրա Ջափարիձեի հետ համատեղ ճեպազրույցում։

Նշենք, որ Պետրիաշվիլին 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում «Միացյալ ազգային շարժում»-ի պարտությունից և «Վրացական երազանք»-ի իշխանության գալուց հետո մի քանի շաբաթ եղել է Վրաստանի խորհրդարանի անդամ, իսկ հետո նշանակվել է եվրոպական և եվրատլանտյան կառույցներում ինտեգրման հարցերով պետնախարար։ Նա պետնախարարի պաշտոնը թողել է 2014 թվականի նոյեմբերին:

Պետրիաշվիլին վերջին շրջանում «Ռոնդելի հիմնադրամ»-ում աշխատում է որպես ավագ գիտաշխատող։

Ի դեպ, «Դրոա»-ն և «Գիրչի — առավել ազատություն»-ը 2024-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կոալիցիա են կազմել: