Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հերթական անգամ խոսել է իրեն ուղղված «եվրոպական հանձնակատարի սպառնալիքի» մասին։ Կառավարության ղեկավարը նշել է՝ ինքը պատրաստ է այս գործով ցուցմունք տալ, եթե որևէ երկիր շահագրգռված լինի։
Նա հավելել է, որ ինքն անձամբ շահագրգռված չէ Վրաստանում հետաքննություն սկսելու։ Կոբախիձեն եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյի բացատրությունն անվանել է «ուղիղ խոստովանություն»։
«Չեմ կարծում, որ ի վերջո սպառնալիքն ուղղված է եղել արդյունքի հասնելուն, հետևաբար՝ Վրաստանում հետաքննություն սկսելու շահագրգռվածություն չեմ տեսնում»,- Կոջորիում «Բանակային ճամբարի» բացման միջոցառումից հետո ասել է Կոբախիձեն:
Ի դեպ, հունիսի 12-ին պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին ասել է, որ Կոբախիձեի հայտարարության մեջ բավարար ապացույցներ չկան հետաքննություն սկսելու համար։
Հիշեցնենք. մայիսի 23-ին Կոբախիձեն ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել էր, որ եվրահանձնակատարներից մեկն իրեն սպառնացել է։ Նրա խոսքով, դա կապված է «գործակալների օրենքի» վերաբերյալ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն հաղթահարելուց հետո սպասվող քայլերի հետ։ Կոբախիձեն նշել էր, որ իրեն Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ճակատագրով են սպառնացել:
Ավելի ուշ՝ եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը պատասխանել էր Կոբախիձեին ուղղված «սպառնալիքի» մասին հայտարարությանը։ Եվրահանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարության մեջ Վարհեյը մտահոգություն էր հայտնել, որ իր հեռախոսազրույցի մի հատվածն ամբողջությամբ հանվել է համատեքստից։
Ընդգծենք նաև, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուս կատարած այցի ընթացքում անդրադարձել էր Կոբախիձե–Վարհեյ սկանդալին։ Մոսկվան, թերևս միակն էր, որ փաստացի պաշտպանել էր Կոբախիձեի դիրքորոշումը: