Վրացի ուսանող և ակտիվիստ Լերի Դարջանիան հարձակման և ֆիզիկական բռնության է ենթարկվել: Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում տարածել է նրա ընկերը՝ Դաթունա Դանելիան, կցելով Դարջանիայի լուսանկարը, որտեղ վերջինիս դեմքին ակնհայտ են լուրջ վնասվածքները։
Դանելիան radiotavisupleba լրատվամիջոցին պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 17-ի առավոտյան ժամը 8-ին, Թբիլիսիի Էվդոշվիլի փողոցում՝ Դարջանիայի տան մոտ: Ըստ տեղեկության՝ Դարջանիան պատրաստվում էր աշխատանքի գնալ, երբ «Վրացական երազանք»-ի «հետախույզները» հարձակվել են նրա վրա։ Դարջանիան գտնվում է «Կովկասյան բժշկության կենտրոնում»։
Դանելիան հայտնել է նաև, որ հարձակվողները մոտ 6-7 հոգի են եղել, հավանաբար՝ զինված չեն եղել, «ոչինչ չեն բացատրել, անմիջապես ծեծի են ենթարկել»:
Ըստ Դանելիայի՝ Դարջանիան 22 տարեկան է, նախկին ըմբիշ և Վրաստանի ազգային համալսարանի ուսանող է, երբեք որևէ քաղաքական խմբավորման անդամ չի եղել:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից էլ հայտնել են, որ հետաքննություն է ընթանում Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով (բռնություն)։
Ընդգծենք. «գործակալների օրենքի» ընդունումից հետո քաղաքացիները հանրային տարածքում «դավաճան» և «ստրուկ» են անվանում օրենքին սատարող պատգամավորներին: Օրենքի աջակից պատգամավորները կամ նրանց ուղեկցող մարդիկ ֆիզիկական բռնության են ենթարկում օրենքին դեմ արտահայտվող քաղաքացիական ակտիվիստներին և քաղաքական գործիչներին, իսկ լրատվամիջոցների ներկայացուցիչների և հասարակական կազմակերպությունների տների ու գրասենյակների պատերին սպառնալի գրառումներ են անում: Հարձակվել են նաև ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակի վրա: