Վրաստանի կառավարության որոշմամբ՝ ուսուցիչների աշխատավարձի նոր քաղաքականությունը կկիրարկվի 2024 թվականի հուլիսի 1-ից: Նոր քաղաքականության համաձայն՝ հանրակրթական դպրոցների բոլոր ուսուցիչների և հատուկ ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա միջինը 500 լարիի չափով։
Ըստ Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) նախարարության տեղեկության՝ այսօրվա դրությամբ համակարգում կա ավելի քան 52 հազար ուսուցիչ:
- 500 լարիով կբարձրանա առնվազն 21 հազար ուսուցչի աշխատավարձ,
- 600 լարիով կբարձրանա առնվազն 8000 ուսուցչի աշխատավարձ,
- 700 լարիով կբարձրանա առնվազն 5000 ուսուցչի աշխատավարձ,
- 800 լարիով կբարձրանա առնվազն 3000 ուսուցչի աշխատավարձ, որն ընդհանուր առմամբ ուսուցիչների 70 տոկոսից ավելին է։
Ուսուցիչների առնվազն 25 տոկոսի աշխատավարձը կբարձրանա 300-400 լարիի չափով։ Ըստ ԿԳՆ-ի՝ ոչ մի ուսուցիչ առանց աշխատավարձի բարձրացման չի մնա. առնվազն 200 լարիի ավելացումը, թեկուզ ժամային փոքր ծանրաբեռնվածության դեպքում, կգործի անխտիր բոլոր ուսուցիչների համար։ Այս կարգավիճակում է ուսուցիչների առնվազն 5 տոկոսը:
Ուշագրավ է նաև, որ աշխատավարձի բարեփոխմանը զուգահեռ մեկնարկում են նաև կարիերայի սխեմայի մշակման աշխատանքները։ Այդ նպատակով ԿԳԵ-ում ստեղծվում է հատուկ ներառական հանձնաժողով՝ բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ։ Աշխատանքային խումբը մինչև այս տարվա ավարտը կմշակի բարելավված մոդել՝ հիմնված միջազգային փորձի և տեղական հետազոտությունների վրա։
Ընդգծենք. 2023/2024 ուսումնական տարվա սկզբի դրությամբ հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատել է գրեթե 64 հազար ուսուցիչ: