Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի քաղաքական առաջարկը՝ «Վրացական խարտիա» ստեղծելու մասին, ենթադրում է նախադրյալներ՝ Վրաստանի համար կարևորագույն ինստիտուցիոնալ բարեփոխումների և ԵՄ բարեփոխումների արագացված իրականացման համար, կարծում են վրացի անկախ վերլուծաբանները:
Ըստ նրանց՝ «Վրացական խարտիա»-ով կստեղծվի ժամանակավոր կառավարություն, որը կարևոր միջոց է ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ կուտակված անվստահությունը հաղթահարելու համար, հենց դա էլ հիմք կհանդիսանա արդար ու մրցակցային ընտրություններ անցկացնելու համար։
Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին «Ալիք Մեդիա»-ի հետ զրուցում ասում է՝ Զուրաբիշվիլին ձևակերպել և ստեղծել է եվրոպական ապագայի կոնկրետ քայլերի գործընթացի շրջանակը: Մելաշվիլիի խոսքով, նախագահի քայլը կրիտիկական պահին արված ճիշտ որոշում է՝ միտված Վրաստանի եվրատլանտյան ուղին փրկելուն:
«Վրաստանում շարունակվող բողոքի ցույցերը (նկատի ունի «գործակալների օրենքի» դեմ ցույցերը- հեղ.) տանել քաղաքական դաշտ և դիվիդենտներ շահել, շատ դժվար էր՝ ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ անվստահության պատճառով: Միակ քաղաքական դեմքը, որ առաջիկա ընտրությունների համար կարող է համախմբել ընտրողներին՝ Սալոմե Զուրաբիշվիլին է. նա ամենաշատ քաղաքական դիվիտենտները շահեց այս շրջանում»,- նշեց Մելաշվիլին և հավելեց, որ Զուրաբիշվիլիի «Վրացական խարտիան» Վրաստանի համար Եվրոպա-Ռուսաստան խաչմերուկին ճիշտ ուղի (նկատի ունի եվրոպական ուղին-հեղ.) ընտրելու դեր է խաղում:
Ըստ Մելաշվիլիի՝ ընտրություններում հաղթելու դեպքում, «Վրացական խարտիա»-ն ստորագրած կուսակցությունները պետք է աշխատեն Վրաստանի ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկի համար անհրաժեշտ 9 քայլերի իրականացման ուղղությամբ:
Եվրոպամետ կուսակցությունների համար միասնական հարթակի ի հայտ գալը դրական է գնահատում սահմանադրագետ Վախթանգ Ձափիրաձեն։ Նա հնարավոր է համարում, որ «Վրացական խարտիան» կկատարի արևմտամետ ուղենիշի, ընտրողների գրավչության կենտրոնի դերը՝ ամրապնդելով ընդդիմադիրների վստահությունը: Ձափիրաձեի համար պարզ չէ, թե ինչպես է նախագահը մտադիր կառավարություն ձևավորել առանց քաղաքական կուսակցությունների.
«Եթե մի քանի ամսում կարելի է խորհրդարանում այդքան բարեփոխումներ իրականացնել, որոնք բոլորն իսկապես անհրաժեշտ են համարում, ապա ինչո՞ւ պետք է դրանից հետո ցրվի նման խորհրդարանը»։
Նախագահի «Վրացական խարտիայի» համաձայն՝ արևմտամետ ընդդիմադիր կուսակցությունները 5 ամսից էլ քիչ ժամանակում պետք է լայնածավալ բարեփոխումներ իրականացնեն 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվելիք խորհրդարանում, իսկ հետո նորից ընտրություններ նշանակվեն։ Զուրաբիշվիլին իր վրա է վերցնում «այլ կառավարություն» ձևավորելը։
Զուրաբիշվիլիի կարծիքով, այսօր շատերը կարող են չտեսնել ընտրություններում հաղթանակի բանաձևը, մեծ մասամբ կորել է նաև վստահությունը քաղաքական գործիչների նկատմամբ, այնուամենայնիվ, նրա կարծիքով՝ անհատական քաղաքական ամբիցիաների ժամանակը չէ։
«Վրացական խարտիան»-ն ստորագրել են 17 ընդդիմադիր կուսակցություններ՝ «Լելո», «Ախալի», «Գիրչի-առավել ազատություն», «Դրոա», «Եվրոպական Վրաստան», «Ռազմավարությունը Աղմաշենեբելի», «Քաղաքացիներ», «Արդարության համար», «Շարժում ժողովրդի համար», «Կանաչների շարժում», «Ազատություն- Զվիադ Գամսախուրդիայի ճանապարհը», «Եվրոպական դեմոկրատներ», «Օրենք և իրավունք», «Միացյալ ազգային շարժումը» և այլն: «Վրացական խարտիա»-ն չեն ստորագրի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Վրաստանի համար» կուսակցությունը և «Գիրչի» կուսակցությունը:
Իշխանամետ հայացքներով վերլուծաբան Զաալ Անջափարիձեի խոսքով, Զուրաբիշվիլիի և «արմատական ընդդիմության» միջև միասնական հարթակի ստորագրմամբ ևս մեկ անգամ և հստակ հաստատվեց, որ այս «միաբանությունը դրսից կառավարվող ուժ է», որի նպատակն է երկիրը դուրս մղել սահմանադրական զարգացման հունից՝ «մեկ ոտքի վրա կանգնողներին» իշխանության բերելով.
«Ընդդիմադիր կողմում գնալով ավելի են երևում կուսակցությունների և նրանց «առաջնորդների» քաղաքական-կուսակցական ինքնության և ղեկավարության դեգրադացիայի նշանները»:
Ըստ «Վրացական խարտիա»-ն ստորագրող կողմերի՝ նախագահի ծրագիրը հստակ ցույց կտա ընտրողներին, թե ինչ կոնկրետ արդյունքներ կբերի արևմտամետ կուսակցություններին տված ձայնը, և որ ընդդիմադիր կուսակցությունները կարող են համագործակցել երկրի համար կենսական հարցերի շուրջ։
Ի դեպ, մայիսի 26-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանրությանը ներկայացրեց ծրագիրը, որը ներառում է այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկեն փաստաթուղթը ստորագրողներն ընտրություններում հաղթելուց հետո։ Նախագահի խոսքով, «Վրացական խարտիա»-ում նշված քայլերն անհրաժեշտ են ոչ միայն Վրաստանի եվրաինտեգրման, այլև ժողովրդավարական և արդար պետության կայացման համար։
Նշենք նաև, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 26-ին։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով: Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն 5 տոկոսի շեմը հաղթահարած քաղաքական կուսակցությունների միջև։