«Գործակալների օրենքի» դեմ բողոքող ակտիվիստ Բեքա Պապաշվիլիի խոսքով, սուպերմարկետներից մեկում իշխող «Վրացական երազանքի» պատգամավոր Բեքա Օդիշարիային «ռուս ստրուկ» անվանելուց հետո երեք անձ իրեն ծեծի է ենթարկել։
Ակտիվիստը նշել է՝ հարձակվողներից մեկն ասել է, որ Օդիշարիայի որդին է։ Պապաշվիլին դեպքի կապակցությամբ տեսանյութ է հրապարակել Facebook-ում և գրել. «Ամենուր կտեսնեք ազատ քաղաքացիների ընդվզումներ: Ձեզանից միշտ պատասխան են ուզելու երկիրը ծախելու համար…»։
Կադրերում երևում է, որ ակտիվիստը դիմում է պատգամավորին հետևյալ խոսքերով. «Ո՞ւմ ես վիրավորում, ռո՛ւս: Ինչո՞ւ ես ստորագրել ռուսական օրենքը: Դու ռուս ես: Ռուս ստրուկ»։ Այս խոսքերից հետո, Օդիշարիային ուղեկցող անձը փորձել է խանգարել ակտիվիստին տեսահոլովակը նկարահանել՝ փորձելով նրան դուրս հանել շենքից։
Պապաշվիլին «TV Պիրվելի» հեռուստաընկերությանը հայտնել է, որ Օդիշարիայի անվտանգության աշխատակիցը թույլ չի տվել մոտենալ պատգամավորին:
Ի դեպ, Պապաշվիլին միակ ակտիվիստը չէ, որը ենթարկվել է ֆիզիկական բռնության։ Ավելի վաղ՝ հունիսի 11-ի առավոտյան, իր տան մոտ հարձակման էր ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Զուկա Բերձենիշվիլին։ Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին բռնության դեպքերը տագնապալի էր որակել: