Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ստորագրել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրճուլաձեին ՆԱՏՕ-ում Վրաստանի դեսպան նշանակելու մասին հրամանագիրը: Այս տեղեկությունը հայտնել է Բուրճուլաձեն. վերջինս նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականից հետո այլևս չի աշխատում ներկայիս վարչապետ Իրակլի Կոբախիձեի կաբինետում:
Նախկին նախարարի խոսքով, նախագահի դիրքորոշման պատճառով արտաքին գործերի նախարարությունն (ԱԳՆ) այլևս իր թեկնածությունը չի ներկայացնելու։
«Ընդհանրապես գիտեմ, որ այս գործընթացը (նկատի ունի դեսպաններ չնշանակելը — հեղ.) շատ վաղուց է սկսվել նախագահի կողմից, իսկ վերջերս նա առհասարակ չի ստորագրում դեսպանների նշանակման հրամանագրերը»,- ասել է Բուրճուլաձեն:
Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին լրատվամիջոցների հետ խոսել է Զուրաբիշվիլիի դիրքորոշման մասին. «Տիկին Սալոմեն այսօր, փաստացի, Սահմանադրությունից դուրս է իր դիրքն զբաղեցնում։ Կոնկրետ չգիտեմ, բայց գիտեմ, որ վերջին շրջանում ինչ-որ գործընթացներ կան, կան թեկնածուներ, որոնց (նշանակումը — հեղ.) նա չի ստորագրում»:
Նախագահ Զուրաբիշվիլիի վարչակազմն այս հարցի կապակցությամբ դեռ պարզաբանում չի տվել։
Ի դեպ, Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ Վրաստանի նախագահի լիազորությունների մասին հոդվածում ասվում է, որ նախագահը «կառավարության առաջարկությամբ նշանակում և ազատում է Վրաստանի դեսպաններին և դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին»։