Եվրամիության բարձր ներկայացուցչի մամուլի խոսնակը հայտարարություն է տարածել Վրաստանում քաղաքացիական հասարակության դեմ շարունակվող ահաբեկումների, սպառնալիքների և ֆիզիկական հարձակումների վերաբերյալ և նշել, որ Եվրամիությունը կոչ է անում Վրաստանի իշխանություններին` մանրակրկիտ հետաքննել բռնության և ահաբեկման փաստագրված դեպքերը:
Նաև, ինչպես նշված է հայտարարության մեջ, Եվրամիությունը խորապես մտահոգված է երկրում Եվրամիության և նրա արժեքների մասին ապատեղեկատվության տարածմամբ և կոչ է անում Վրաստանի իշխանություններին զերծ մնալ կեղծ հայտարարություններից։
«Եվրամիությունը մտահոգություն է հայտնում Վրաստանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, քաղաքական առաջնորդների, քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների դեմ ահաբեկումների, սպառնալիքների և ֆիզիկական հարձակումների աճող դեպքերի կապակցությամբ։ ԵՄ-ն ևս մեկ անգամ կոչ է անում վրացական իշխանություններին վերջ տալ այս բացասական զարգացումներին և մանրակրկիտ ու արագ հետաքննել բռնության և ահաբեկման փաստերը։
Ներկայում Եվրամիությունը դիտարկում է արձագանքման բոլոր տարբերակներն արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքի ընդունմանը և այլ գործողությունների, որոնք խաթարում են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը Վրաստանում։
Մենք կառավարությանը կոչ ենք անում վերադառնալ ԵՄ ուղի։ Եվրամիությունը շարունակում է մնալ Վրաստանի ժողովրդի կողքին և աջակցում է նրանց անդիմադրելի ընտրությանը` ի նպաստ ժողովրդավարության և Վրաստանի եվրոպական ապագայի», — ասված է մամուլի խոսնակի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Եվրամիության կայքում։