Մոսկվան հերքում է Թբիլիսիի հետ ​​հարաբերությունների վերականգնման լուրը

Պաշտոնական Մոսկվան Վրաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնումը «լրատվամիջոցների կողմից շրջանառվող կեղծ տեղեկատվություն է» որակում, գրել է վրաստանյան radiotavisupleba լրավամիջոցը:

Ըստ լրատվամիջոցի՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից (ԱԳՆ) նաև նշել են՝ «իմաստ չեն տեսնում մեկնաբանել ընդդիմադիր ռեսուրսների կողմից շրջանառվող միտումնավոր սուտ տեղեկատվությունը»։

Խոսքը վերաբերում է վրացական ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության այն տեղեկատվությանը, որ Վրաստանն ու Ռուսաստանը հնարավոր է աշխատեն երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման վրա։

«Մտավարի արխի»-ից հետո դիվանագիտական ​​հարաբերությունների հնարավոր վերականգնման մասին տեղեկությունը հաստատել են Telegram-ի BRIEF ալիքի աղբյուրները։ «Մոսկվայում և Թբիլիսիում Վրաստանի և Ռուսաստանի դեսպանատների բացումը ժամանակի հարց է»,- BRIEF-ին ասել է Անդրկովկասյան երկրի մի դիվանագետ:

Ուշագրավ է, որ Վրաստանի ԱԳՆ-ն դեռևս չի մեկնաբանել այս հարցը։

Նշենք, երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման անհրաժեշտության մասին խոսում են Վրաստանում ռուսամետ քաղաքական գործիչները, ինչպես նաև Ռուսաստանի Կրեմլին մոտ վրացական սփյուռքի ներկայացուցիչները։

Մայիսին Մոսկվայում կայացած ռուս-վրացական գործարար խորհրդի հերթական նիստին, որը ստեղծված է Ռուսաստանի Դաշնության Առևտրաարդյունաբերական պալատի (ТПП) նախաձեռնությամբ, առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Վլադիմիր Պադալկոն հույս է հայտնել, որ երկու երկրների արտաքին գերատեսչությունները կակտիվացնեն աշխատանքը Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման ուղղությամբ։

Նշենք նաև, որ չնայած Վրաստանի բնակչության 80 տոկոսից ավելին ձգտում է դառնալ եվրոպական ընտանիքի անդամ, և Վրաստանի եվրաատլանտյան ընտանիքի անդամ դառնալը ամրագրված է Վրաստանի Սահմանադրությամբ, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը» վերջին շրջանում հակաարևմտյան նարատիվներ է շրջանառում, ընդունում հակաժողովրդավարական օրենքներ, որոնց դեմ Վրաստանի քաղհասարակությունը բազմահազարանոց ցույցեր է անցկացնում: