Վեց հասարակական կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ և հայտնել, որ «ռուսական օրենքի» ընդունման պատճառով լքում են Վրաստանի «Բաց կառավարման գործընկերություն» (OGP) նախաձեռնության խորհուրդը։
Հայտարարությունը ստորագրողները նշել են, որ Վրաստանի խորհրդարանի մեծամասնության ընդունած «ռուսական օրենքը» դեմ է վրաց ժողովրդի ազգային շահերին, Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան նկրտումներին, հակասում է ոչ միայն Վրաստանի Սահմանադրությանը, այլև Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և այլն։
«Ռուսական օրենքը խախտում է Բաց կառավարման գործընկերության հիմնական արժեքներն ու սկզբունքները, ինչպես նաև կառավարման կանոնները, ինչի պատճառով էլ Բաց կառավարման միջգերատեսչական համակարգող խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունները միաձայն որոշում են կայացրել լքել և՛ Խորհուրդը, և՛ նրա «Վրաստանի բաց կառավարման ֆորում» մշտական աշխատանքային խումբը։
Հայտարարությունը ստորագրել են «Transparency International-Վրաստանը», Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը, Տնտեսական քաղաքականության և հետազոտությունների կենտրոնը, «Համագործակցություն հանուն ճանապարհային անվտանգության» հիմնադրամը: