Մառնեուլիի մունիցիպալիտետի Աղքյորփի, Չանախչի, Օփրեթի և Խոխմել գյուղեր տանող միակ ճանապարհն այս պահի դրությամբ (ժամը 11:20) անցանելի է:
Վերոնշյալ գյուղերը Մառնեուլիի սակրեբուլոյում ներկայացնող Արսեն Հախվերդյանն «Ալիք Մեդիա»-ին ասաց՝ այս պահի դրությամբ հատուկ տեխնիկա է աշխատում. ջրի մակարդակը նվազել է:
«Հատուկ տեխնիկան ինտենսիվ կերպով աշխատում է, մաքրում և լայնացնում են գետի հունը: Այս պահի դրությամբ ջրի մակարդակը զգալիորեն նվազել է, ինչը հեշտացնում է աշխատանքը»,- նշեց պատգամավորը:
Ըստ պատգամավորի՝ մրցույթի նպատակով Խոժոռնի գյուղի դպրոցից Աղքյորփի ժամանած աշակերտների, նրանց ուղեկցող ուսուցիչների ու ծնողների 23 հոգանոց անձնակազմը, որ գիշերել է վերոնշյալ գյուղում, անցել է գետը. նրանք վերադարձել են տուն:
Հավելենք նաև, որ վարարած գետը վնասել է նաև Աղքյորփիի գյուղամիջյան ճանապարհը: Գյուղի բնակիչներից Մելսիկ Վարդումյանն «Ալիք Մեդիա»-ին ասաց՝ գյուղը կրկին երկու մասի է բաժանվել. երեխաները դպրոց են հասել ավելի երկար ճանապարհով` գետը շրջանցելով:
«Գյուղամիջյան ճանապարհները, որ նախորդ հեղեղից հետո վերականգնել էին, կրկին գետը քշել է. գյուղը բաժանվել է երկու մասի»,- հավելեց Վարդումյանը:
Պատգամավորը նշեց՝ առաջիկա օրերին կայցելի գյուղեր՝ ծագած խնդիները պարզելու և լուծելու նպատակով:
Հիշեցնենք. հունիսի 10-ին տեղացած հորդառատ անձրևի հետևանքով վարարած գետը կրկին քշել էր վերոնշյալ գյուղերը շրջկենտրոն Մառնեուլիին կապող կամրջի այլընտրանք` ժամանակավոր օգտագործման նպատակով սարքված ճանապարհը։
Մայիսի 25-ից շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել էին վերոնշյալ գյուղեր տանող միջպետական և գյուղամիջյան ճանապարհները։