Մառնեուլիի մունիցիպալիտետի Աղքյորփի, Չանախչի, Օփրեթի և Խոխմել գյուղեր տանող միակ ճանապարհը կրկին փակ է։
Հունիսի 10-ին տեղացած հորդառատ անձրևի հետևանքով վարարած գետը կրկին քշել է վերոնշյալ գյուղերը շրջկենտրոն Մառնեուլիին կապող կամրջին այլընտրանք` ժամանակավոր օգտագործման նպատակով սարքված ճանապարհը։
Մրցույթի նպատակով Խոժոռնի գյուղի դպրոցից Աղքյորփի ժամանած աշակերտները և նրանց ուղեկցող ուսուցիչները և ծնողներն «Ալիք Մեդիա»-ին փոխանցեցին` գետի վարարման և ճանապարհի փակ լինելու պատճառով այժմ մնացել են տունդարձի ճանապարհին։
Աշակերտների ծնողներից մեկն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նաև նշեց, որ այս պահին անձնակազմը հետ է դարձել դեպի Աղքյորփի գյուղ. սպասում են գետի մակարդակի իջնելուն, որպեսզի գոնե ամենագնաց մեքենաներով հնարավոր լինի անցնել գետը։
Վերոնշյալ գյուղերը Մառնեուլիի սակրեբուլոյում ներկայացնող Արսեն Հախվերդյանն «Ալիք Մեդիա»-ին ասաց. «Այս պահին աշխատանքներ իրականացնել հնարավոր չէ, գետի մարակարդակը շատ բարձր է. անգամ հատուկ տեխնիկա չի կարող աշխատել։ Կսպասենք գետի մակարդակի իջնելուն, որից անմիջապես հետո աշխատանքներ կիրականացվեն»։
Հախվերդյանը նաև նշեց, որ Խոժոռնիից Աղքյորփի գնացած մոտ 23 հոգանոց (աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ միասին) անձնակազմը կօթևանի վերոնշյալ գյուղերում. կմնան այնքան ժամանակ` քանի դեռ ճանապարհն անանցանելի է։