Վրաստանում լինել կին, փոքրամասնության որևէ խմբի ներկայացուցիչ կամ քաղակտիվիստ, հատկապես քաղաքական թեժ շրջանում, նշանակում է լիովին հայտնվել ապատեղեկատվության թիրախում․ երկրի կին նախագահն է նույնիսկ դրա զոհը։
Վրաստանում հայտնի արվեստագետների ընտանիքի անդամ, հայկական արմատներով դերասանուհի Նատալիա Կղիփշիձեն, այն ակտիվ գործիչներից է, որ «Ռուսական օրենքի» դեմ ցույցերին միացել է հենց սկզբից, երբ իշխող «Վրացական երազանքը» այն շրջանառության մեջ դրեց։
«Վրացական երազանքն» ընդունել է սկանդալային «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենքը (ստացել է «ռուսական օրենք» անվանումը, խմբ․) որը պարտավորեցնում է Հասարակական կազմակերպություններին և մեդիաներին, որոնց ֆինանսավորման առնվազն 20 տոկոսն արտերկրից է, գրանցվել հատուկ ռեգիստրում, ինչպես նաև ենթարկվել ստուգումների, այսինքն կոչվել օտարերկրյա ուժի շահերը կրող կազմակերպություն: Օրենքի ընդունումն ամիսներ շարունակ բողոքարկում է Վրաստանի քաղհասարակությունը՝ կրթական, բիզնեսի, մշակույթի և այլ մյուս ոլորտների ներկայացուցիչները: Ցույցերին հավաքվում է առնվազն 200 հարյուր հազար քաղաքացի։ Օրենքի ընդունումից հետո՝ ընտրություններին ընդառաջ, «քաղհասարակությունը միավորվել է Վրացական երազանքին» իշխանությունից ժողովրդավարական ճանապարհով հեռացնելու օրակարգի շուրջ:
Նատալիան նաև ինֆլուենսեր է, հազարավոր երիտասարդների համար օրինակ է՝ ինչպես ավանդական ընտանիքի անդամների հետ համաձայնեցնել ցույցերին իր մասնակցությունն ու քաղաքացիական ակտիվիզմը:
Նատալիային կարող ենք դիտարկել որպես ցույցերի գլխավոր դերակատար «ջենզի» սերնդի հավաքական կերպար․ մեդիագրագետ են, տեղեկացված, փաստերի հիման վրա ունակ են վերլուծել, թե օրենքի ընդունումն ինչ վտանգների առաջ է կանգնեցնելու երկիրը: Ցույցերին ակտիվ մասնակցության արդյունքում Նատալիան հայտնվել է սոցիալական ցանցերի «թրոլերի» ու «բոտերի» ատելության լեզվի թիրախում՝ սոցցանցերում և ոչ միայն: Բացի այդ, Նատալիան դատարան էր կանչվել, շատ ակտիվիստների նման տուգանվել հինգ հարյուր լարիով, պատճառն ըստ դատարանի՝ ճանապարհ փակելն էր: Ասում է՝ «բոլոր ճակատներում ստիպված եմ պայքարել»:
Դերասանուհու դեմ ակտիվացած ատելության լեզուն հատկապես պարունակում է այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են էթնիկ պատկանելիության հիմքով խտրականությունը, էյջիզմը (տարիքի նշանով խտրականություն, խմբ․) ու գենդերային ապատեղեկատվությունը: Գենդերային ապատեղեկատվությունը կենտրոնանում է սեռի և ապատեղեկատվության հատման վրա, երբ կանայք, ոչ բինար անձինք («գենդերին չհամապատասխանող») և հասարակության մարգինալացված անդամները միտումնավոր թիրախ են դառնում կեղծ և ոչ ճշգրիտ տեղեկատվության համար:
Այս առիթով Նատալիան պատասխանելով մեկնաբանողներին՝ գրառում էր հրապարակել սոցցանցերում խոսելով իրեն մեծացրած Բիճի մականունով էթնիկ հայ պապի մասին ու նշել, որ մանկուց հպարտությամբ է խոսում այն մասին, որ հայ է:
Հայկական արմատներով դերասանուհին՝ իր անվան շուրջ ԶԼՄ-ների մեկնաբանությունների մասին
Նատալիայի նկատմամբ ատելության ալիքը պատահական չէ, որ մեկնարկեց հենց այն ժամանակ, երբ երկրում քաղաքական ճգնաժամ է «ռուսական օրենքի» ընդունման շուրջ: Վրաստանում արդեն երկրորդ տարին շարունակ Մեդիայի զարգացման հիմնադրամի իրականացված երկու հետազոտությունների արդյունքում ի հայտ են գալիս նմանատիպ տվյալներ. Գենդերային ապատեղեկատվությունը հատկապես ակտիվանում է, երբ միտում կա հաղթահարել քաղաքական մրցակցին, երկրում որոշ վնասակար ուժերի համար ոչ ձեռնտու պայմանները և այլն:
Օրինակ՝ նախորդ տարի հատկապես ակտիվ կերպով գենդերային և հակա-ԼԳԲՏ ապատեղեկատվության ալիք տարածվել է երեք դեպքում՝ «ռուսական օրենքի» առաջին ընդունման, Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու և ամռանը ԼԳԲՏ-փրայդի շաբաթվա ընթացքում: Նշվածներից մեծ մասը՝ 3900-ից ավելին, տարածվել է ավանդական մեդիայի միջոցով՝ հեռուստատեսություններ, թերթեր, ռադիոկայաններ և այլն:
Հարկ է նշել, որ բացի ավանդական մեդիայից, գենդերային ապատեղեկատվությունը Վրաստանում տարածվում է քաղաքական գործիչների, հոգևորականների, ֆեյսբուքյան էջերի ու հասարակական կազմակերպությունների միջոցով: Գենդերային ապատեղեկատվությունը ստեղծվում է կարծրատիպերի, արժանիքների ու քաղաքական օրակարգի հիման վրա: Վրաստանում, գերդերային նշանով բազմիցս թիրախավորված ապատեղեկատվության զոհ են դարձել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ԱՄՆ նախկին դեսպան Քելլի Դեգնանը, նախկին օմբուդսմեն Նինո Լոմջարիան, ընդդիմադիր քաղաքական գործիչ Էլենե Խոշտարիան, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մայրը Գիուլի Ալասանիան:
Ի դեպ, ըստ կազմակերպության մեկ այլ հետազոտության, հենց ավանդական մեդիայում էլ ամենաշատն է տարածվում ատելության լեզուն էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ, նաև տեղի է ունենում այս բաղադրիչների համակցությունը, ինչը ստեղծում է հետազոտության մեջ տեղ գտած այնպիսի բառակապակցություններ, ինչպիսիք են՝ «հայ գեյ», «մեծացրած շրթունքներով հայ» և այլն: Այս ամենին ավելանում են նաև հասարակության մեջ գոյություն ունեցող կարծրատիպերը, երբ օգտատերերը հակակրողներին «հայ» են անվանում, մեղադրում նրանց ազգանունը փոխելու կամ հայ արմատներ ունենալու մեջ:
Մեդիայի զարգացման հիմնադրամի հետազոտող Թինա Գոգոլաձեն ներկայացնում է, թե որ դեպքերում են հատկապես կիրառվում տվյալ տիպի ուղերձներն ու ինքնության հիման վրա ապատեղեկատվությունները:
Օրինակները շատ են․ և դրանք հաճախ են հայտնվում Վրաստանում գործող փաստերի ստուգման կազմակերպությունների տեսադաշտում: Վրաստանի բարեփոխումների ասոցիցացիան ստուգել էր ակտիվիստ Գիգա Մաքարաշվիլիի մասին տարածված ապատեղեկատվությունը, որով կիսվում էին իշխանամետ ապատեղեկատվական էջերը: Հրապարակումները պարունակում էին տեղեկություն, թե Մաքարաշվիլին իրականում Մաքարյան է, իսկ լուսանկարը, որն օգտագործում էին գրառմանը կից, մոնտաժված էր ու արտացոլում էր արտաքին տեսքի հետ կապված մի շարք կարծրատիպեր:
Ի դեպ, արտաքին տեսքի կիրառմամբ ապատեղեկատվություն տարածելը ևս գենդերային ապատեղեկատվության լայն սպեկտրի մաս է: Մեկ այլ ուղղություն է այսպես կոչված «սլաթշեյմինգը»՝ նույն բարոյական, ինչպես նաև մտավոր չափանիշներով դիսկրեդիտացումը, գենդերային կարծրատիպերը, սեքսիզմը և այլն:
Օրինակ, «Սեզոնի Թիվի»-ի հաղորդավար Նիկոլոզ Մժավանաձեն կիրառելով «սլաթշեյմինգ»՝ նախագահի մասին հետևյալ կերպ էր արտահայտվել. «Վրաստանը փոքր երկիր է, այս կնոջ բարոյական դեմքին ամբողջ երկիրը ծանոթ է, բոլորը գիտեն՝ ով է հարյուր անգամ ամուսնացած այդ կինը, որ վրացերեն չգիտի: Եթե մարդը ֆիզիկապես մարմնավաճառ է, հոգեպես էլ մարմնավաճառ կլինի»:
Զուրաբիշվիլին նաև« էյջիզմի» նշանով է ենթարկվում վարկաբեկման: Ապատեղեկատվություն տարածող սոցցանցերի խմբերում կարելի է տեսնել նախագահի լուսանկարները նման գրառումներով՝ «թոշակառու», «տատիկ» և այլն:
Գենդերային ապատեղեկատվությունն առհասարակ բաղկացած է մարդկանց մոլորության մեջ գցելու չորս հիմնական բաղադրիչներից. արժանիք, ինքնություն, ընտանիք և երեխաներ: Այս թեմաների նկատմամբ հասարակությունն առավել քան զգայուն է, ինչի կիրառումը հատկապես դյուրին է սոցիալական ցանցերի միջոցով:
Կիրառելով այս ուղղությունները, ապատեղեկատվություն տարածող ուժերը, որոնք հիմնականում կապ ունեն Ռուսաստանի, կամ իշխանության հետ, փորձում են հասարակությանը համոզել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են, օրինակ պատերազմն արդարացնելը, կամ Կրեմլի ավտորիտար ռեժիմը պաշտպանելը: Օրինակ՝ «ավանդական երկրներում չի կարող գոյություն ունենալ լիբերալ մտածելակերպ», «Ուկրաինայում պատերազմը ոչ այլ ինչ է, քան քրիստոնեության պայքար ընդդեմ միասեռականների», «ֆեմինիզմը վտանգ է հանդիսանում ընտանիքի համար, դեմոգրաֆիկ խնդիրների է հանգեցնում», «Ռուսաստանը ընտանիքը պաշտպանում է հոմոսեքսուալիզմի քարոզչությունից, իսկ Արևմուտքը ոտնահարում է ավանդական ընտանիքի արժանիքները», «ինտեգրվել Արևմուտքին՝ հավասար է կորցնել ինքնությունը»: Հաճախ կարելի է հանդիպել նաև նարատիվի, որտեղ «վրացական ինքնությունը փորձում են գողանալ հայերը»:
Հատկանշական է, որ տարբեր խմբերի դեպքում (այդ թվում՝ էթնիկ), գենդերային ապատեղեկատվությունը տարածվում է տարբեր ուղղություններով՝ հաշվի առնելով տվյալ համայնքի «թույլ կողմերը»: Եթե Վրաստանի էթնիկ վրացի խմբերի վրա հեշտությամբ են ազդում վերոնշյալ թեմաները, ապա Վրաստանի հայերի դեպքում գենդերային ապատեղեկատվությունն ունի մեկ ուղղություն՝ հոմոֆոբ տեղեկություն:
Վերջին շրջանում, «Ռուսական օրենքի» շուրջ Թբիլիսիում ընթացող ցույցերի ֆոնին, ցուցարարներին վարկաբեկելու նպատակով էթնիկ հայերով բնակեցված Սամցխե-Ջավախեթիում տարբեր ալիքներով սկսեց տարածվել տեղեկություն, թե ակցիայի մասնակիցները ԼԳԲՏ ակտիվիստներ են:
Սամցխե-Ջավախեթիի բնակիչների համար բարդ է 4-5 ժամ ծախսել, հասնել Թբիլիսի՝ սեփական աչքերով տեսնելու, թե ինչ է կատարվում իրականում: Գումարած, տարբեր սոցիալ-տնտեսական խնդիրները խանգարում են ինտեգրվել վրաց հասարակությունում՝ թույլ չտալով մշտապես տեղեկացված լինել ընթացիկ իրադարձությունների մասին: Բացի այդ, պետք է նշել, որ շրջանում փակ լինելու պատճառով մի շարք կարծրատիպեր են տեղում ձևավորվում, ինչից օգտվում են առանձին անհատներ՝ ատելություն հրահրելու և մարդու իրավունքները ոտնահարելու։ Նրանք ունեն կոնկրետ նպատակ՝ քաղաքական մրցակցի դիսկրեդիտացմանը զուգահեռ տարածել հոմոֆոբիա:
Ախալքալաքի Jnews լրատվամիջոցի լրագրող Կրիստինա Մարաբյանը գնահատելով տեղում իրավիճակն ասում է՝ «դրականն այստեղ այն է, որ այս ամենը վրացերենով տարածելու պատճառով ավելի քիչ մարդ է հայտնվում նման ապատեղեկատվության թիրախում՝ չնայած այդ նարատիվները բավականին վնասակար են»․
«Իրավիճակը մեծ քաղաքներում ու շրջաններում շատ է տարբերվում: Օրինակ էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում գոյություն ունի տնտեսական կախվածություն Ռուսաստանից, տեղացիների համար Ռուսաստանը եկամտի աղբյուր է։ Այդ պատճառով նրանց համար «Ռուսական օրենք» արտահայտությունը, ցավոք, չի ասոցացվում հասարակության համար վտանգի հետ:
Շրջաններում իշխանությունը քաղաքացիական հասարակության հետ պայքարի մեթոդն ընտրում է ելնելով տեղական վախերից: Էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում դա արվում է տարբերվող արտաքինի կամ հագուստի դեմոնիզացիայի ճանապարհով, քանի որ պատրիարքալ հասարակությունում սա շատ բացասական կերպ է ընկալվում»։
Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանն այլատյացություն է տարածում
Նշենք նաև, որ գենդերային ապատեղեկատվության տարածման մեջ ակտիվ «գործում» էին նաև Սամցխե-Ջավախքի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, օրինակ Վրաստանում միակ կին քաղաքապետը՝ Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, նրա հետ Նինոծմինդայի սակրեբուլոյի աշխատակիցները. Վերջիններս ակտիվորեն տարածում էին «Եթե ԼԳԲՏ ակտիվիստ ես, մասնակցիր Ռուսթավելիում կայացող ցույցերին» վերտառությամբ պատկերներ՝ կիրառելով տարբերվող արտաքինով անձանց լուսանկարներ: Նման դեպք արձանագրվել է նաև մասամբ հայերով բնակեցված Ախալցիխե քաղաքում, որտեղ ակտիվիստները բողոքարկել էին «ռուսական օրենքը», սակայն տեղական ֆեյսբուքյան խմբերն ու էջերը ցույցը դիսկրեդիտացնելու նպատակով տեղեկություն էին տարածում, որ ցույցի կազմակերպիչը ԼԳԲՏ ակտիվիստ է, հրապարակում էին նրա անձնական լուսանկարները՝ խախտելով ցույցի խաղաղ մասնակցի իրավունքները:
Հատկանշական է, որ նման տեղեկություն տարածվում է Վրաստանի ողջ տարածքում, և հոմոֆոբիա հրահրող բովանդակությունը միայն շրջանի համար չէ բնորոշ, սակայն հետաքրքիր է այն տենդենցը, որ հայաբնակ շրջաններում գենդերային ապատեղեկատվության միայն այս ուղղությունն է ակտուալ՝ ելնելով տեղացիների մտածելակերպից, օրինակ, կանանց նկատմամբ վարկաբեկող տեղեկություն շատ չի տարածվում:
Փաստացի, Վրաստանում «քաղաքական հարցերը լուծվում են» մրցակցին նվաստացնելով ոչ թե քաղաքական տեսլականների կամ մոտեցումների կիրառմամբ, այլ օգտագործելով գենդերային ու ինքնության վրա հիմնված ապատեղեկատվություն՝ արտաքին, մտավոր կամ վարքային հատկանիշների մեջբերմամբ, թշնամական ու ատելության մթնոլորտի ստեղծմամբ, հատկապես մարգինալ խմբերի՝ կանանց ու փոքրամասնությունների նկատմամբ: