Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) նախագահը փոխվում է։ Հունիսի 8-ին կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացած ճեպազրույցում ՄԱՇ-ի արդեն նախկին նախագահ Լևան Խաբեիշվիլին հայտարարել է, որ իրեն փոխարինելու է Թինա Բոկուչավան։
Կուսակցության նախկին նախագահը նաև հավելել է, որ ինքը պաշտոնը լքելու որոշում է կայացրել առողջական վիճակի պատճառով։
Ըստ Խաբեիշվիլիի` իր որոշումը վկայում է, որ «Վրաստանի պայծառ ապագան» և «իր դերն այդ լուսավոր, եվրոպական ապագայում»` առաջնահերթություններ են։
«Այսօր որոշվում է մեր երկրի ճակատագիրը, այսօր որոշվում է, թե որտեղ են ապրելու մեր երեխաները, ապրելու են Ռուսաստանի հետնաբակո՞ւմ, թե՞ եվրոպական Վրաստանում», — ասել է կուսակցության նորընտիր նախագահ Թինա Բոկուչավան։
Ի դեպ, Խաբեիշվիլին ծեծի է ենթարկվել հատուկ ջոկատայինների կողմից «գործակալների օրենքի» դեմ գործողությունների ժամանակ։ Նրա գլխին ու դեմքին ծեծի դաժան հետքեր կային։