ԱՄՆ Պետդեպարտամենտն անհատական պատժամիջոցներ և վիզային արգելքներ է սահմանել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության և խորհրդարանի անդամների, ինչպես նաև իրավապահների և այլ մասնավոր անձանց նկատմամբ։
Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հունիսի 6-ի ճեպազրույցը բացել է Վրաստանի խնդրի վերաբերյալ հայտարարությամբ։
Միլլերը կրկնել է` Միացյալ Նահանգները կրկին խորապես անհանգստացած է «Վրացական երազանքի» հակաժողովրդավարական գործողություններով՝ վերջինիս հայտարարությունների և հռետորաբանության պատճառով: Ըստ նրա` այս գործողությունները վտանգի տակ են դնում Վրաստանի եվրոպական ապագան և հակասում են Վրաստանի Սահմանադրությանը, ինչպես նաև Վրաստանի ժողովրդի ցանկություններին։
Միլլերի խոսքով, պետքարտուղարն արդեն հայտարարել է երկկողմ համագործակցության վերանայման մասին, որի շրջանակներում Պետդեպարտամենտը սահմանել է վիզաների արգելման նոր քաղաքականություն։
«Պատժամիջոցների այս առաջին փուլում ներառվում են «Վրացական երազանքի» անդամները, պատգամավորները, ոստիկանները և մասնավոր անձինք»,- ասել է Միլլերը։