Վրաստանի և Ռուսաստանի սահմանին գտնվող «Դարիալի» (Վերին Լարս) անցակետում վերականգնվել է բնականոն հունով աշխատանքը:
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տեղեկատվության համաձայն՝ գերատեսչության աշխատակիցները Շրջակա միջավայրի ազգային գործակալության առաջարկության հիման վրա հանել են Դևդորակի հովտում ավտոմեքենաների տեղաշարժի սահմանափակումը:
«ՆԳՆ սահմանապահ ոստիկանության ուղղաթիռի միջոցով Շրջակա միջավայրի ազգային գործակալության մասնագետները զննել են Դևդորակի-Ամալի հովիտը և գնահատել սպասվող սպառնալիքները. ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալների, վտանգի աստիճանը Դևդորակի հովտում այս պահին նվազագույն է»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Ի դեպ, Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից հաստատել են, որ Դևդորակի հովտում վտանգի մակարդակը նվազագույն է, ջրի մակարդակը վերադարձել է իր սկզբնական վիճակին, ջրհեղեղների ու սողանքների վտանգ այլևս չի արձանագրվում։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ՝ տրվել է ճանապարհը բացելու հանձնարարական, իսկ մասնագետները տեղում են և վերահսկում են իրավիճակը։
Նշենք. ավելի վաղ ՆԳՆ-ից հայտնել էին, որ «Դարիալի» (Վերին Լարս) անցակետում տարհանում է իրականացվել: