Վրաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններն ու քաղաքական գործիչները բաց նամակ են հղել սենատոր Ջո Ուիլսոնին։ «Հելսինկյան հանձնաժողովի» նախագահ, հանրապետական Ջո Ուիլսոնն ԱՄՆ Կոնգրեսում MEGOBARI Act-ի նախաձեռնողն է։
Նամակում ներկայացված են Վրաստանում «գործակալների օրենքի» ընդունման ֆոնին ընթացող զարգացումները: Ընդդիմադիր քաղաքական գործիչները հույս ունեն, որ ԱՄՆ Կոնգրեսը և Սենատը միասին կաշխատեն արագ ընդունել օրենքը, որն ԱՄՆ կառավարությանն իրավունք կտա գործելու վրաց ժողովրդին ճնշողների դեմ։
Նամակի հեղինակները նշել են, որ Կոնգրեսի պատվիրակության այցերը Վրաստան մեծ ազդեցություն կունենան «Վրաստանի ազատատենչ ժողովրդի աջակցության վրա և ուժեղ ազդանշան կլինեն Վրաստանի կառավարությանը, որ անհնար է ստիպողաբար լռեցնել ժողովրդի ձայնը»:
Նամակի հեղինակները նաև կոչ են արել ԱՄՆ Կոնգրեսին՝ «հատկացնել անհրաժեշտ մարդկային և ֆինանսական ռեսուրսներ՝ ապահովելու համար Վրաստանում հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների պատշաճ դիտարկումը»:
Ի դեպ, ավելի քան 50 երկրներում մարդու իրավունքների, ժողովրդավարության և այլ կարևոր հարցերի շուրջ աշխատող «Հելսինկյան հանձնաժողովը» գրանցել է MEGOBARI Act-ը՝ դեռևս Վրաստանի խորհրդարանում նախագահի վետոն հաղթահարելուց առաջ։ Վերջինս ուղղված է Վրաստանում ժողովրդավարության ամրապնդմանը և մարդու իրավունքների պաշտպանությանն ու օրենքի գերակայությանը, և պատժամիջոցներ է նախատեսում դրանց խախտման համար։