Վրաստանի խորհրդարանական մեծամասնության անդամ, հակաարևմտյան «Ժողովրդի ուժը» շարժման առաջնորդներից Գուրամ Մաճարաշվիլիի պահանջով «TV Պիրվելի» հեռուստաընկերության մեկ այլ լրագրողի ևս արգելվել է աշխատել խորհրդարանում։ Լրագրող Մակա Չիխլաձեն մեկ ամսով՝ մայիսի 23-ից հունիսի 23-ը, հնարավորություն չի ունենա լրագրողական աշխատանք կատարելու խորհրդարանում։
Չիխլաձեն «Մելաձեի շաբաթ» հաղորդաշարի պրոդյուսերն է և պատրաստում է պատմություններ նույն ծրագրի համար։
«Չնայած հարցազրույցը ձայնագրելու պատգամավորի մերժմանը, դուք շարունակել եք հարցազրույցը ձայնագրելու փորձերը և չեք դադարեցրել տեսանկարահանումը»,- ասված է խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձեի անունից Չիխլաձեին ուղարկված նամակում։
Պատմությունը, որի վրա աշխատելու ընթացքում լրագրող Չիխլաձեին արգելել են աշխատել խորհրդարանում, վերաբերում էր «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին:
Լրագրողը հարցազրույցը ձայնագրելուց առաջ թույլտվություն է խնդրել քաղաքական գործչից, ինչին համաձայնել է Մաճարաշվիլին։ Ճշտող հարցեր տալուց հետո պատգամավորը չի ցանկացել շարունակել հարցազրույցը։
Ի դեպ, հունիսի 5-ին հայտնի դարձավ, որ «Ժողովրդի ուժը» շարժման մեկ այլ առաջնորդի` Սոզար Սուբարիի պահանջով «Մելաձեի շաբաթ»-ի մեկ այլ լրագրողի` Նատա Քաջաիային ևս արգելել են աշխատել խորհրդարանում։
Ուշագրավ է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում խորհրդարանական մեծամասնության անդամների պահանջով օրենսդիր մարմնում արգելել են աշխատել չորս լրագրողի։ Բոլոր քաղաքական գործիչները դժգոհում են, որ չնայած իրենց պնդումներին, լրագրողները չեն դադարում նկարահանել ու իրենց հարցեր տալ։